Մատչելիության հղումներ

Հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են


10 օր առաջ Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերում զոհված 13 զինծառայողների մարմիններ փոխանցեց հայկական կողմին։ Գենետիկ փորձաքննություններն այսօր ավարտվել են, բոլոր մարմինները նույնականացվել, տեղեկացանք Դատաբժշկական կենտրոնից։

«Բոլոր տասներեք մարմիններն էլ նույնականացվել են։ Ես կարծում եմ, որ արդեն հանձնել են ծնողներին։ Մենք մեր մասով աշխատանքները ավարտել ենք հենց այսօր», - «Ազատությանը» փոխանցեց Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ կրկնակի փորձաքննության կարիք չի եղել, մարտերից ավելի քան երկու ամիս անց աշխատել են միայն ոսկրային հյուսվածքների հետ. - «Էս դեպքում աշխատել ենք միայն ոսկրային հյուսվածքների հետ, սակայն ունեցել ենք լիարժեք բնութագրեր հենց առաջին փորձից ու ստացել ենք նույնականացումներ»։

Բաքուն սեպտեմբերից մինչև այժմ հայկական կողմին 156 զինծառայողի մարմին է փոխանցել։ Քննչական կոմիտեի տվյալով, դեռևս երեք անհետ կորած կա։

«16 հոգի էին, 13-ին են գտել, բա էն երեք հոգի՞ն», - ասում է այդ երեքից մեկի՝ Վահե Թորոսյանի հայրը։ «Ես Վահեի մաման եմ, իմ պահանջը իմ որդին ա», - արցունքներն աչքերին հուզված հավելեց Վահեի մայրը։

Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ընտանիքում սպասում են սեպտեմբերի 15 ից։ Գիտեն միայն այն, որ տղան վիրավոր մնացել է Ներքին հանդի անտառում, այսքանը։ Ընտանիքը պաշտպանության նախարարության առջև բողոքեց, ճանապարհ փակեց... վիրավորը մնաց անտառում. - «Իմ էրեխեն մի ամիս ա ձենը չեմ լսել... մռմռում եմ, խնդրում եմ...»

Մի քանի օրից երրորդ ամիսը կլրանա, ինչ Վահեն չկա։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ Բաքուն թույլ չի տալիս գրավված տարածքներից դուրս բերել վիրավոր կամ զոհված զինվորներին։

Սեպտեմբերի 13 ից անհետ կորած է նաև Շիրազ Խաչատրյանը Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղից։ «Որտեղ որ զոհվել ա, ներկա պահին միջդիրքային տարածք է... Պաշտպանության նախարարությունը, զորամասը ռիսկային են համարում, որ էնտեղ եթե մարդ գնա, չխփեն։ Որովհետև թշնամու դիտակետում ա», - ասում է Փոքր Մասրիկ համայնքի վարչական ղեկավար Սարգիս Նշանյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրային Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային հատվածում է մնացել։ Հայկական կողմը տեսանկարահանող սարքերով ֆիքսել է նրա տեղը, պարզ երևում է։ Ընտանիքն էլ տեսահսկող սարքերով պարբերաբար տեսնում է, թե ինչպես է Շիրազի մարմինը ոսկրանում, հետո ծածկվում ձյունով. - «Ամիս ու կես առաջ նկարել են վերևից, որ ինքը էղել ա համազգեստով, հիմա նույն տեղում, էրեկ եմ ես էդ նկարը տեսել, արդեն մենակ մնացել ա մենակ ոսկորները։ Մեկ էլ բատինկաները»։

Շիրազի եղբայրն ասում է՝ երբ ադրբեջանցիները նոյեմբերի վերջին 13 մարմին հանձնեցին, արագ նայեցի, եղբայրս տեղում էր։ Ում ասես չի դիմել. - «Հայաստանում ըտենց կազմակերպություն չկա, որ դիմած չլենեմ։ Եվրոպացիներին դիմել եմ, ռուս խաղաղապահներին դիմել եմ... անարդյունք՝ էսօր-վաղը, չենք կարա... Կարմիր խաչը մի անգամ բարձրացել ա երեք ամիս առաջ, վրաները կրակել են, մինչև հիմա էդ պատճառը կա, որ կրակել են»։

Սեպտեմբերյան մարտերի ժամանակ միայն Փոքր Մասրիկից երեք հոգի է զոհվել, երեկ էլ հուղարկավորեցին Վիգեն Ավագյանին, որ անհետ կորածների թվում էր մինչև գենետիկ փորձաքննությունները։

Շիրազի եղբայրն ասում է՝ ընտանիքներն անուշադրության են մատնված, նրանց կողքին ոչ ոք չկա. - «Մեր գյուղում էղել ա էրկու հատ հուղարկավորություն՝ Հարությունյան Լևոն մեկ էլ Ավագյան Վիգեն, պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ չի էղել։ Ոչ գալիս են մեր տուն, ոչ հարցնում են, ոչ զանգում են... երեք ամիս ա, մեր տունը չեք պատկերացնի ինչ վիճակ ա»։

33-ամյա Շիրազը երկու փոքրիկ ունի, պետության ներկայությունն զգացին այն ժամանակ, երբ Շիրազի աշխատավարձն ընդհատվեց սեպտեմբերի 13-ից։

XS
SM
MD
LG