Մատչելիության հղումներ

Անհետ կորածների 29 ընտանիքներում շունչը պահած սպասում են


Անհետ կորածների 29 ընտանիքներում շունչը պահած սպասում են. ադրբեջանական կողմը երեկ10 զինծառայողի մարմին է փոխանցել, ովքե՞ր են նրանք։

Դալարիկցի 20-ամյա ժամկետային Աբրահամ Սարգսյանի հայրն այսօր զանգ է ստացել ՝ Ձեր որդու մարմինը գտնվել է, վաղը Հերացու դիահերձարանից նրան կարող եք տուն տանել։

Աբրահամը սեպտեմբերի 14-ից է անհետ կորած, Ջերմուկի դիրքրեում էր ծառայում, վիրավորվել է, անօգնական մնացել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում։ «Վիրավոր ա էղել, իրան չեն օգնել ոչ մեկ», - դառնությամբ ասում է հայրը։

Քննչական կոմիտեից չեն հստակեցնում, թե մարտական գործողություններից 46 օր անց զինծառայողներից քանիսն են ճանաչելի արտաքին նշաններով։ Միայն տեղեկացրին, որ գենետիկ փորձաքննություններ են նշանակվել, նույնականացումից հետո պարզ կդառնա զինծառայողների ինքնությունը։

Դատաբժշկական կենտրոնից չեն մանրամասնում, թե քանի օր կտևի նույնականացման աշխատանքը ։ Ծնողներն ասում են՝ որտեղ զանգում ենք, լսում ենք՝ սպասեք

«Սպասում եմ։ Էլ ինչ անեմ... սպասում եմ», - ասում է անհետ կորած զինծառայող Ալիկ Մանուկյանի հայրը՝ Կարո Մանուկյանը։ - «Ում զանգում եմ, ասում են անհայտ կորածների ցուցակի մեջն ա, ու վերջ»։

Նորադուզցի Կամո Մանուկյանը մեծ հույս ունի, որ որդու անունը չի գտնի ադրբեջանական կողմի փոխանցած մարմինների ցանկում. - «Ես հրամանատարության հետ խոսել եմ... Ինձ ասել են, որ երևի սրանց մեջ էլ չկա Ալիկը։ Մեծ հավանականություն ա, որ հնարավոր ա, որ գերեվերված ըլնի»։

Վերին Շորժայի հատվածում հայ զինծառայողների մարմիններ էին մնացել, որ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս դուրս բերել։ Արդյո՞ք այժմ այդ մարմիններն էլ են փոխանցվել։ Կամո Մանուկյանը դեռ չգիտի։ Գիտի այն, որ նրանց մեջ որդին չի եղել։

20-ամյա Ալիկը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել մարտական գործողություններից առաջ. - «Վերջին անգամ մամային ա ասել ամսի 12-ին, ասել ա՝ մամա, գնամ քնեմ, ժամը մեկին պոստի եմ»։

Սերժ Ղազարյանի որդին Վերին Շորժայի ձորակում է մնացել։ Նա էլ սպասողական վիճակում է։ Անհետ կորածների հարազատները գենետիկ նմուշ ավելի վաղ են հանձնել։ Ադրբեջանը մինչև այս 133 զինծառայողի մարմին էր փոխանցել , նույնականացումն ավարտվել էր՝ անհետ կարորածների ցանկը մնացել 29։

«Սպասում ենք, տենանք ովքեր են... Տարբեր հատվածներից ա, և' Ջերմուկի հատվածներից ա, և' Շորժայի։ Մենք կոնկրետ չգիտենք։ Ասել են ԴՆԹ-ները պետք ա համընկնում արվի, որ դրա հիման վրա իմանանք ովքեր են», - ասաց Ղազարյանը։

Ծնողների խոսքով, Վերին Շորժայի դիրքերից երեք զինծառայող է անհետ կորած, Կապանի զորամասից՝ 8։ Ներքին Հանդում մնացած զինծառայող Վահե Թորոսյանի ընտանիքում տեղեկացել են՝ Վահեն դեռ Ներքին Հանդի տարածքում է, սոսիների պուրակում։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանք կատարել։

XS
SM
MD
LG