Մատչելիության հղումներ

Երկաթգծի վերաբացման հարցում որևէ կոնկրետ արդյունք չկա. Փաշինյան 


Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ - Մեղրի - Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցում որևէ կոնկրետ արդյունք դեռևս չկա, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպման ընթացքում քննարկվել է հենց այդ հարցը։

Բաքուն մշտապես պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչը առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել, շեշտելով, թե պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանութունը։

«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը, և մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, և այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները: Եվ, իհարկե, կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում: Ցանկացած պահի, երբ որ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոճանապարհների ապաշրջափակման հարցին՝ վարչապետը վերահաստատեց՝ պատրաստ են բացել ավելի վաղ հիշատակված անցագրային 3 կետերը։ Դեռևս օգոստոսից կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի համաձայն՝ անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի սահմանային բնակավայրերում։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, սակայն, «անիրատեսական» էր որակել Երևանի այս առաջարկը:

«Պատրաստ ենք նոր ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծմանը, կառուցմանը լավագույն երթուղիով, որովհետև դա մեր ճանապարհն է, և ենթադրում ենք, հույս ունենք դրանով մեծ միջազգային տրանզիտ նաև ապահովել, և կրկին մեր՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում պատրաստ ենք րոպե առաջ սկսել այդ ճանապարհների բացումը, վերակառուցումը, կառուցումը, և այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ դեֆիցիտ չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Չնայած երեկ փոխվարչապետերի մակարդակով կայացած եռակողմ հանդիպումն այդպես էլ կոնկրետ արդյունքներ չի տվել, սակայն շաբաթներ առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում Երևան ժամանած Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լավատեսություն էր հայտնել, ասելով, թե Երևանը «որոշակի ազդակներ է ստացել, և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը, և առաջիկայում այդ ուղղությամբ երկաթգծի վերականգնման ոլորտում մեծ ներդրում անելու անհրաժեշտություն կարող է ի հայտ գալ»։​

Օրերս էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը շարունակում են աշխատանքը՝ համաձայնեցնելու կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք թույլ կտան գործարկել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Առայժմ ոչ ռուսական, ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական կողմը մանրամասներ չեն հայտնել այդ ծրագրերի մասին։

Հայտնի է միայն, որ Լավրով-Բայրամով բանակցություններին զուգահեռ 2 օր առաջ Կրեմլը հատուկ պատվիրակ էր ուղարկել Բաքու։ Ադրբեջանի նախագահական նստավայրը հաղորդել էր, որ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ միջանցքի ընդարձակման հնարավորությունները և Զանգեզուրի միջանցքին առնչվող հարցեր»։

Շուրջ մեկ տարի շարունակվող Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ եռակողմ բանակցություններն առ այսօր որևէ կոնկրետ արդյունք չեն տվել, կողմերի դիրքորոշոումները շարունակում են հակասել միմյանց։

Հայաստանի կառավարությունը տարեսկզբին Խորհրդային Միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու աշխատանքների համար 10 հոգանոց հատուկ խումբ էր ստեղծել , որը ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։ Վերջինս ասել էր, թե Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի, նշելով , որ այդ ծրագիրը կարող է մինչև 300 միլիոն դոլար արժենալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG