Երևանը որոշակի «ազդակներ է ստացել և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը», այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Երևանը որոշակի տեղեկություն է ստացել Ռուսաստանի նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում։
«Բայց, էլի եմ ասում, նախորդ դառը փորձը հաշվի առնելով, նորից ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա», - ասաց Փաշինյանը։
Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսելով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներից, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է այդ պայմանավորվածությունը։
«Մի քանի օր անց Ալիևն ինք է հրաժարվել պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։
Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցեր, կառավարության հաշվարկով, սա մոտ 200 միլիոն դոլար կարժենար։