Ազգային անվտանգության ծառայությունը քրեական վարույթ է նախաձեռնել՝ պարզելու Ղրիմի կամրջի պայթյունի գործում Հայաստանի քաղաքացուն առնչվող հանգամանքները։ Խոսքը Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանի մասին է, որին օրերս ռուս իրավապահները ձերբակալել են Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի պայթեցման գործով։ Նա, ըստ ռուսական կողմի, պայթուցիկ նյութով բեռնատարով մուտք է գործել Հայաստան, որտեղ բեռը մաքսազերծվել է, ապա Վրաստանի տարածքով հետ գնացել Ռուսաստան։
ԱԱԾ-ն չի պարզաբանում, թե ինչ հոդվածներով է քննում գործը, բայց հաղորդագրության մեջ նշված են ենթադրյալ արարքները՝ միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ։
«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել Հայաստանի քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ՝ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Ազգային անվտանգության ծառայությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք ռուս իրավապահների կողմից ձերբակալված Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանին Երևանը մեղադրանք առաջադրել է։ 37-ամյա տղամարդուն ռուս իրավապահները ձերբակալել են՝ մեղադրելով Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի պայթյունը նախապատրաստելու համար։ Իրենց հերթին, Հայաստանի իրավապահները չեն մանրամասնում նաև՝ արդյոք կան այլ կասկածյալներ կամ մեղադրյալներ, արդյոք Երևանը դիմել է Մոսկվային իր քաղաքացուն արտահանձնելու համար։
Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդում է միայն, որ արդեն մի շարք քննչական գործողություններ են կատարել՝ հարցաքննություններ, առգրավումներ՝ չմանրամասնելով, սակայն, թե արդյոք ցուցմունքներ տվել են բեռը Հայաստան ներմուծած՝ Ալավերդիում գրանցված «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչները, ՊԵԿ-ի պաշտոնյաները։
ՊԵԿ-ը ևս փակագծերը չի բացում, այսօր միայն պնդելով երեկ տարածած իր հաղորդագրությունը՝ 15 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որում երևում է բեռնատարի մուտքը Հայաստան՝ զննությունը, մաքսազերծումը, ապա օրեր անց Հայաստանից դեպի Վրաստան անցնելը։ Պաշտոնական Երևանը դեռ երեկ է հայտարարել, թե Հայաստանի տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնատարը Հայաստանում մաքսազերծվել է առանց խախտումների, ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել։
ՊԵԿ-ի հրապարակած կադրերում երևացող տղամարդը, որն իջնում է բեռնատարից, մասնակցում մաքսազերման գործողություններին, ենթադրվում է՝ վարորդ Արթուր Թերջանյանն է։ Ռուսական կողմը դեռ չի մանրամասնում՝ որտեղ է ձերբակալվել, ինչ կապ ունի նա Ալավերդիում գրանցված «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ»-ի հետ։
Պաշտոնական Երևանը երեկ պարզաբանեց, թե Հայաստան բեռը մտել է Ալավերդիում գրանցված «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ» ընկերության անունով և Երևանում առանց խնդիրների մաքսազերծվելուց հետո հետ է ուղարկվել Ռուսաստան նույն այդ ընկերության միջոցով, մինչդեռ ռուսական կողմը հայտնել էր, թե Երևանում մաքսազերծելիս փաստաթղթեր են կեղծվել, ինչից հետո ուղարկողը դարձել է «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ» հայկական ընկերությունը։
«ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ»-ի 100 տոկոսի սեփականատեր Գուրգեն Շլեպչյանի քույրը «Ազատությանն» ասել էր, թե նա բնակվում է Վրաստանի Շահումյան քաղաքում, բայց իր հիմնած ընկերությունը գրանցված է Ալավերդիի բնակելի շենքի մի բնակարանում, որտեղ հաշվառված է նաև նա։ Ինչ կապ ունի կալանավորված Արթուր Թերջանյանը Գուրգեն Շլեպչյանի հետ՝ իրավապահները դեռ չեն պարզաբանում։
Ըստ Դաշնային անվտանգության ծառայության՝ պայթյունը կազմակերպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, աջակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Բոլոր ութն էլ ձերբակալված են։ Կիևը հերքում է իր մասնակցությունը այս պայթյունին, նույնը երեկ պնդել էին նաև Վրաստանն ու Բուլղարիան։