Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ նախարարության՝ հակառակորդը կիրառել է նաև ականանետ։ Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին է մեղադրել երեկ երեկոյան և գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված դիրքերից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
Վերջին շրջանում կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։ Երեկ երեկոյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածի հայկական մարտական դիրքում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել։