Մատչելիության հղումներ

Ռուսական հրթիռակոծության հետևանքով Զապորոժիեի շրջանում նորածին երեխա է զոհվել


Այսօր Ռուսաստանը կրկին ուժգին հրթիռակոծել է Ուկրաինայի քաղաքները։ Պայթյուններ են գրանցվել Կիևում, Օդեսայի և Պոլտավայի մարզերում։ Ուկրաինական քաղաքները կրկին մնացել են առանց էլեկտրամատակարարման։

Անցած գիշեր հերթական գնդակոծությունների հետևանքով երեք մարդ էր զոհվել, այդ թվում՝ մեկ նորածին։ «Ծննդատունը հրթիռակոծվել է, մայրը երեխային չի գտել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցերը մորը դուրս են հանել, իսկ երեխային փրկել չի հաջողվել», - պատմել է նորածնի ազգականներից մեկը։

Նախագահի աշխատակազմից մանրամասնում են, որ ռուսական հարվածների թիրախում են եղել Զապորոժիեի ծննդատներից մեկը, Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքն ու նոյեմբերին ազատագրված Խերսոնը։

Ձմռան շեմին Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Խերսոնում, չկա ջուր, ջեռուցում, շատերը կերակուրը դրսում կրակի վրա են պատրաստում։

«Մի քանի շաբաթ է արդեն, էլեկտրականություն չկա, ոչ էլ ջուր լողանալու կամ լվացքի համար: Այսպես դրսում ենք ճաշ պատրաստում... Երբ արև է լինում, դուրս ենք գալիս, քանի որ դրսում ավելի տաք է, քան տանը: Սա է մեր կյանքը, ի՞նչ կարող ենք անել: Դեռ լավ է, որ կամավորները մարդասիրական օգնություն են բերում», - ասում է խերսոնցի մի տղամարդ։

«Ի՞նչ կարող ենք անել, պետք է միասնական լինենք, իրար օգնենք, քանի որ պատերազմ է: Բոլորը օգնում են իրար, քանի որ ո'չ փող կա, ո"չ աշխատանք», - հավելում է նրա բախտակից մի կին:

Ուկրաինայի իշխանությունները զգուշացնում են, որ առաջիկա ամիսները ծանր են լինելու։ «Ռուսաստանը պատասխան է տալու այն չարիքի համար, որ պատճառել է Ուկրաինային», - երեկ երեկոյան պնդել է երկրի նախագահը: Զելենսկին միաժամանակ քաջալերել է համերկրացիներին, թե Արևմուտքը կանգնած է Ուկրաինայի կողքին. - «Այսօր մենք ունենք շատ անհրաժեշտ ֆինանսական նորություններ: Նախ, Եվրամիությունից մակրոֆինանսավորման ևս մեկ տրանշ կա՝ 2,5 միլիարդ եվրո։ Դա շատ կարևոր է: Հաջորդ տարվա ֆինանսական ծրագիրը՝ 18 միլիարդ եվրոյի չափով է: Երկրորդ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ շուտով կտրամադրի 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ֆինանսավորում՝ ուղղակիորեն աջակցելու մեր բյուջեին»:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Ուկրաինան նաև արևմտյան արտադրության ռազմական ուղղաթիռներ կստանա: Դրանք կմատակարարի Մեծ Բրիտանիան, հայտնել է այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլեսը։ Խոսքը երեք Sea King ռազմական ուղղաթիռների մասին է, որոնցից մեկն արդեն փոխանցվել է ուկրաինական բանակին:

Արևմուտքը պնդում է, որ միանսական է Ուկրաինային աջակցելու հարցում և կշարունակի աջակցել, որքան որ կպահանջվի:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը աղմկահարույց հարցազրույց է տվել CNN ին ու պնդել, թե Ֆրանսիան մինչև վերջին պահը չի հավատացել, որ կարող է պատերազմ սկսվել, իսկ Գերմանիան առավել նպատակահարմար է համարել, որ Ուկրաինան հանձնվի. - «Գերմանիան ինչ-որ պահի կարծում էր, որ եթե ներխուժումը տեղի ունենա, աղետ կլինի, և ավելի լավ կլինի ամեն ինչին արագ վերջ տալ, և Ուկրաինան հանձնվի»։

Ջոնսոնի խոսքով, այս մոտեցումը բացատրվում էր «տարատեսակ տնտեսական պատճառներով»։ Իտալիայի կառավարությունն էլ` նախկին վարչապետ Մարիո Դրագիի գլխավորությամբ, ըստ Բորիս Ջոնսոնի, ինչ-որ պահի հայտարարել է, որ չի կարող աջակցել մյուսների դիրքորոշմանը` ռուսական էներգակիրներից կախվածության պատճառով։

Ռուսական ներխուժումից հետո սակայն, ըստ մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի, եվրոպացի առաջնորդների վերաբերմունքը փոխվել է, և «գերմանացիները, ֆրանսիացիները, իտալացիները, ամերիկացիները տեսան, որ պարզապես ընտրություն չկա». - «Որովհետև հնարավոր չեղավ համաձայնության գալ այդ տղայի [նախագահ Պուտինի] հետ։ Սա առանցքային պահ է»։

Ի դեպ, այսօր Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որով կոչ են անում կառավարություններին Ռուսաստանը հռչակել է ահաբեկչության հովանավոր։ Պատգամավորները հայտարարել են, որ հող են նախապատրաստում նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանը միջազգային տրիբունալ ներկայացնելու համար: Փաստաթղթում, մասնավորապես, նշված է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ իրականացվող կանոնավոր հարձակումներն ու վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը ահաբեկչություն և ռազմական հանցագործություններ են։

Նշենք, որ բանաձևը խորհդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG