Մատչելիության հղումներ

ԼՂ անվտանգության երաշխիքների և կարգավիճակի հարցերը պիտի դառնան բանակցությունների առարկա․ Փաշինյան


«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա», - այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետը։

Վերահաստատելով, որ այս գործընթացում էական է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներգրավածությունը՝ գործադիրի ղեկավարը՝ շեշտեց՝ պիտի շարունակեն աշխատել այս ուղղությամբ։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է իմի բերվեն և բանակցությունների արդյուքներով հասցեագրվեն», - ասաց Փաշինյանը։

Երեկ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում միջնորդությամբ ու մասնակցությամբ էլ կայցել են բանակցությունները, «Գերազանց և շատ արդյունավետ» է գնահատել հանդիպումը։ Երևանում, սակայն, մտահոգություններ են հնչում, որ հայտարարություններում որևէ խոսք չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղյան հակամարտության մասին։

«Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի»

Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկում եղել է նաև Լեռնային Ղրաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, սակայն «այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի»։

«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք», - ասաց Փաշինյանը։

Մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին։

Ասկերանում իրադրության սրումից երկու օր անց ռուսական խաղաղապահ առաքելությունը հասցեկան հայտարարություն արեց՝ շեշտելով, որ Ադրբեջանի զինուժը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և դիտակետ տեղակայել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ արեց Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը։ Պաշտոնական Բաքուն հակադարձեց՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»: Պաշտոնական Երևանը հայտարարեց՝ ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ ադրբեջանական ստորաբաժանումների դիուրսբերումը ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար՝ ակնկալելով նաև խաղաղապահների գործողությունների կամ հնարավոր անգործության պատշաճ քննություն։

XS
SM
MD
LG