Այսօր առավոտյան Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ողջ տարածքում, որոշ շրջաններում հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին: Ենթակառուցվածքների զանգվածային հրետակոծության պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվել, հաղորդում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Yasno ընկերությունը հաստատել է հոսանքի հնարավոր անջատումները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ էներգետիկներն աշխատում են վերականգնել էլեկտրամատակարարումը քաղաքում մոտ 350 հազար բնակարան էլեկտրաէներգիայով ապահովող էլեկտրակայանի վնասումից հետո: Կլիչկոյի տեղեկություններով՝ Կիևի մի մասում դադարեցվել է կանոնավոր ջրամատակարարումը։
Խարկովում այսօր առավոտյան ևս երկու պայթյուն է որոտացել, հարվածների հետևանքով դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը։ Խարկովի նահանգապետի տեղեկություններով քաղաքին հարվածները հասցվել են C-300 համակարգերով՝ հարևան Բելգորոդի մարզից։
Այսօր առավոտյան հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերին։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքն ասել է, որ ինչպես միլիոնավոր ուկրաինացիներ՝ Կիևում ամերիկացի դիվանագետներն առավոտն անցկացնում են ապաստարանում։
«Ռուսաստանը շարունակում է իր անհոգի և բարբարոսական հրթիռային հարվածները Ուկրաինայի ժողովրդի դեմ՝ փորձելով երկիրը թողնել ցրտի և մթության մեջ ձմռան նախաշեմին», - գրել է դեսպանը Twitter-ում։