Վաշինգտոնն առայժմ չի շտապում հստակ վերաբերմունք արտահայտել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով անցկացված իրանական զորավարժություններին։
Երկուշաբթի ուշ երեկոյան Պետդեպարտամենտում կայացած ասուլիսի ընթացքում այս կառույցի խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին, թե Ադրբեջանում այս զորավարժությունները որոշակի մտահոգություն են առաջացրել և արդյոք այդ ամենը չի մտահոգում նաև ամերիկացիներին, միայն նշեց. «Ես այդ առթիվ որևէ հստակ մեկնաբանություն չունեմ։ Մենք, իհարկե, կովկասյան տարածաշրջանում կայունության ջատագով ենք և հստակորեն արտահայտել ենք մեր շահագրգռությունն այդ հարցում։ Մենք աշխատում ենք թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, որպեսզի երկու երկրների միջև առկա լարվածությունը նվազի, ինչպես նաև հնարավոր լինի կանխել ավելի մեծ լարվածությունը, որ կարող է ծագել»։
Իրանի ամենահզոր ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում ընդգրկված ստորաբաժանումների զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության անմիջական հարևանությամբ, մեկնարկեցին հոկտեմբերի 17-ին։
Բաքվում ծագած մտահոգության գլխավոր պատճառներից մեկը դրանց ընթացքում խաղարկվող իրավիճակներն էին՝ մասնավորաբար Արաքս գետի անցումը զրահատանկային ստորաբաժանումների կողմից։ Իրանական որոշ աղբյուրների պնդմամբ՝ զորախաղերի երրորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, «Հեղափոխության պահապանների կորպուսի» զրահատեխնիկան, պոնտոնային կամուրջների կիրառմամբ, Արաքսի աջ ափից անցել էր գետի կենտրոնում գտնվող և Իրանին պատկանող կղզիներից մեկը։
Ուժի այս ցուցադրությանը իրանական կողմից հազարավոր զինվորականներ էին մասնակցում, ինչպես նաև զրահատեխնիկայի հարյուրավոր միավորներ և իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
Եվ հենց իրանական դրոններն են, ավելի ճիշտ դրանց հաջող կիրառումն Ուկրաինայում, որ դարձել են վերջին օրերին Թեհրանին ուղղված արևմտյան քննադատության գլխավոր թեման։ Նախ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը, ի դեմս այս կառույցի խոսնակ Ջոն Քիրբիի, հայտարարեց, որ իրանցի զինվորականները Ղրիմում են՝ իրենց ռուսաստանցի գործընկերներին օգնելով իրանական անօդաչուների կիրառման գործում։
Հանգստյան օրերին էլ տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որոնց համաձայն հարվածային անօդաչու սարքերի իրանցի օպերատորներին տեսել են արդեն Բելառուսի տարածքում։ Մեկնաբանելով այս հաղորդագրությունները՝ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը միան նշում էր՝ Վաշինգտոնում շրջանառվող տեղեկությունները դեռ ուսումնասիրում են։
«Այդ տեղեկություններին մենք ծանոթ ենք, սակայն առայժմ չենք կարող մեկնաբանել՝ արդյո՞ք իրանցի հրահանգիչներ Բելառուսում կան, թե՝ ոչ։ Ավելի լայն համապատկերում մենք արտահայտել ենք մեր դժգոհությունը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում՝ մասնավորաբար Ղրիմում առկա իրանական ներկայության վերաբերյալ։ Մենք ուշի-ուշով հետևում ենք այդ տեղեկություններին և ինչպես նախկինում էլ ասել ենք՝ մշտապես աշխատելու ենք որպեսզի Ռուսաստանի Դաշնությունն ու Լուկաշենկոյի վարչակազմը ծանր տնտեսական գին վճարեն Ուկրաինայի դեմ ռուսական հարձակման համար», - հայտարարում էր ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանին հարվածային անօդաչուներ տրամադրելու Թեհրանի որոշումը քննադատում են նաև ամերիկացի օրենսդիրները։ Խորվաթիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների տան ղեկավար Նենսի Փելոսին վստահաբար պնդում էր՝ «Իրանը Ռուսաստանին դրոններ տրամադրելով մեծ սխալ է գործում»։
Պաշտոնական Թեհրանը, սակայն, կտրականապես հերքում է Արևմուտքից հնչող բոլոր մեղադրանքները՝ ժխտելով ոչ միայն իրանցի ռազմական մասնագետների ներկայությունը Ղրիմում կամ Բելառուսում, այլև անօդաչուների տրամադրման փաստը ինքնին։
«Իսլամական հանրապետությունը շարունակաբար հայտարարել է, որ չի մասնակցում Ուկրաինայում ծավալված պատերազմին։ Մենք հակամարտող կողմերից և ոչ մեկին զենք չենք մատակարարում։ Մենք նաև կտրականապես հերքում ենք Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքները։ Դրանցով Վաշինգտոնը փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն ապակառուցողական դերակատարությունից, որ ստանձնել է Ուկրաինայում՝ պաշտպանելով կռվող կողմերից մեկին և մինչ ատամները զինելով նրան», - երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։