Մատչելիության հղումներ

Իրանցի զինվորականները Ղրիմում ռուսներին օգնել են օգտագործել իրանական դրոնները, պնդում է Վաշինգտոնը


Ուկրաինա - Ոստիկանը Կիևում կրակում է «կամիկաձե» անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, հոկտեմբեր, 2022թ.
Ուկրաինա - Ոստիկանը Կիևում կրակում է «կամիկաձե» անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, հոկտեմբեր, 2022թ.

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ իրանցի զինվորականները Ղրիմում օգնել են ռուսներին Ուկրաինայի դեմ օգտագործելու իրանական դրոնները։ Հոկտեմբերի 20-ի ճեպազրույցում այդ մասին ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Փրայսը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը կփորձի Իրանից նաև ժամանակակից սովորական սպառազինություններ ձեռք բերել, այդ թվում՝ երկիր-երկինք հրթիռներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն Ուկրաինայի դեմ։

Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին պնդել է, որ ամերիկյան հետախուզության տեղեկություններով՝ Ղրիմում իրանցի ռազմական մասնագետները ռուսաստանցի զինվորականներին սովորեցնում են՝ ինչպես օգտագործել իրանական հարվածային դրոնները։ Քըրբիի ասելով՝ Ղրիմում նաև իրանցի ինժեներների անձնակազմ կա դրոնները սպասարկելու համար։

Ջոն Քըրբին ասել է, որ Միացյալ Նահանգները գործի կդնի իր բոլոր միջոցները Ուկրաինայի ժողովրդի դեմ Իրանի սպառազինությունների մատակարարումները բացահայտելու և խոչընդոտելու համար։ «Մենք կկիրառենք ամերիկյան բոլոր պատժամիջոցները ինչպես ռուսական, այնպես էլ իրանական զենքի վաճառքի դեմ», - հայտարարել է նա։

Եվրամիությանը և Բրիտանիան արդեն պատժամիջոցներ են սահմանել Իրանի բարձրաստիճան զինվորականների ու Shahed դրոններն արտադրող ընկերության դեմ։

Թեհրանը հերքում է Ռուսաստանին դրոնների վաճառքը։

Մոսկվան ևս կտրականապես հերքում է Ուկրաինայում իրանական դրոններ օգտագործելու պնդումները, բայց նաև դեմ է, որ ՄԱԿ-ի փորձագետներն ուսումնասիրեն այդ փաստերը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ը մանդատ տա Ուկրաինայում իրական դրոնների օգտագործման հետաքննություն անցկացնելու համար, ապա Ռուսաստանը կվերանայի իր հարաբերությունները ՄԱԿ-ի քարտուղարության հետ։

Դեմ լինելով մասնագիտական հետաքննության անցկացմանը՝ Պոլյանսկին ասել է, թե Ռուսաստանը դրոնների արտադրություն ունի և Ուկրաինայի գործողությունում օգտագործում է սեփական անօդաչու թռչող սարքեր։

Կիևը պնդում է, որ իրանական դրոնների տարբերանշանները Ռուսաստանում փոխվում են, սարքերը ներկվում են ու օգտագործվում "Герань-2" անվան տակ՝ որպես ռուսական դրոններ։ Վերջին շրջանում դրանք ակտիվորեն կիրառվում են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու, դրանք շարքից հանելու համար։ Ուկրաինան դիմել էր ՄԱԿ-ին՝ փորձագետների միջոցով ուսումնասիրելու Ուկրաինայում խոցված դրոնների մասերը, պարզելու, թե դրանք ինչ դրոններ են, որտեղ են արտադրված։

Անցած ամիս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել էր, որ Իրանը սեփական արտադրության ռազմական տեխնիկա է վաճառել արտասահմանցի գնորդների, որոնց թվում նաև խոշոր երկրներ կան, ու նաև նրանց սովորեցրել են՝ ինչպես օգտագործել իրանական ռազմական տեխնիկան։

Այաթոլա Ալի Խամենեիի ռազմական հարցերով գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Թեհրանի ռազմական ակադեմիայում, գովաբանել է Իրանի զինված ուժերի կողմից գիտական ու տեխնոլոգիական նվաճումների օգտագործումը և որպես օրինակ նշել, որ 22 երկրներ դիմել են Իրանին հարվածային անօդաչու թռչող սարքել գնելու համար։

XS
SM
MD
LG