Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պնդում է, թե Ուկրաինան հասել է միջուկային կեղտոտ ռումբի ստեղծման վերջին փուլին


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը պնդում է, թե Ուկրաինան հասել է միջուկային կեղտոտ ռումբի ստեղծման վերջին փուլին և պատրաստվում է այն կիրառել այս պատերազմում՝ մեղքը բարդելով ռուսական կողմի վրա։

«Այդ սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար և աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսել», - այսօր հայտարարել է ռուսական զինուժի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը՝ առանց որևէ փաստ վկայակոչելու։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր այս հարցով մտահոգությունները հայտնել ՆԱՏՕ-ի անդամ չորս պետությունների՝ Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներին։ Ռուսական կողմի փաստարկները, սակայն, Արևմուտքին չեն համոզել․ այսօր ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություն են տարածել, և ռուսական կողմի պնդումները որակել «անհիմն ու բացահայտ կեղծ»։

Ավելին, արևմտյան երկրներրը պնդում են, թե հենց Ռուսաստանն է փորձում այս հարցն օգտագործել իրավիճակն է'լ ավելի թեժացնելու համար։

Կրեմլի խոսնակը, արձագանքելով արևմտյան երկրների այս հայտարարությանը, այսօր ասել է, թե կեղտոտ ռումբ օգտագործելու վտանգը կա՝ անկախ այն բանից, հավատում են դրան Արևմուտքում թե ոչ. - «Սպառնալիք կա։ Այդ տեղեկությունը փոխանցվել է պաշտպանության նախարարի զրուցակիցներին։ Իսկ մնացածը նրանց գործն է՝ հավատել թե չէ»։

Կիևը կտրականապես հերքում է Շոյգուի մեղադրանքները

Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ միակ մարդը, ով կարող է մտածել Եվրոպայում միջուկային զենք օգտագործելու մասին, Վլադիմիր Պուտինն է. - «Եթե Շոյգուն զանգում ու ասում է, թե իբր Ուկրաինան ինչ-որ բան է պատրաստում, նշանակում է Ռուսաստանն արդեն նախապատրաստել է նման բան։ Այժմ աշխարհը պետք է հնարավորինս կոշտ արձագանքի»:

Իրավիճակը պարզելու համար Ուկրաինան նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին է հրավիրել երկիր։ «Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան եղել և մնում է թափանցիկ: Մենք թաքցնելու ոչինչ չունենք», - Թվիթերում գրել է երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետները կարծում են, որ Շոյգուն պարզապես փորձել է վախեցնել արևմտյան երկրներին՝ ուկարինայաին ռազմական օգնությունը դանդաղեցնելու կամ դադարեցնելու նպատակով:

Մինչ Շոյգուն հայտարարում էր, թե իբր ուկրաինացիները պատրաստվում են կեղտոտ ռումբ օգտագործել իրենց իսկ տարածքում, Ռուսաստանում մեծ սկանդալ է՝ Russia Today հեռուստաալիքի մեկնաբան Անտոն Կրասովսկու՝ հոկտեմբերի 20-ին հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։ Իշխանական լրագրողն եթերում կոչ էր արել «խեղդել և այրել ուկրաինացի երեխաներին». - «Ճիշտ է, խեղդել այդ երեխաներին, խեղդել։ Սա է մեր մեթոդը ... դուք անմիջապես պետք է նետեք նրանց սաստիկ, բուռն հոսանքով գետը»:

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարն այսօր հանձնարարել է ստուգել Անտոն Կրասովսկու խոսքերը։ Իսկ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը կոչ է արել ձերբակալել Կրասովսկուն. - «Անտոն Կրասովսկու հայտարարությունը հրեշավոր սադրանք է, սրանք Ռուսաստանը ատող թշնամու խոսքեր են»։

RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը նրան հեռացրել է աշխատանքից։ Ուկարինայի արտգործնախարարն այսօր կոչ է արել բոլոր երկրներին արգելել RT-ի հեռարձակումը։

Մինչ այդ Ռուսաստանը շարունակում է գնդակոծել է ուկրաինական բնակավայրերը, մասնավորապես` Բախմուտ, Զապորոժիե և Նիկոլաև քաղաքները։

Միայն Դոնեցկի մարզում գնդակոծության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում վեց խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 5 մարդ վիրավորվել է։

Միաժամանակ շարունակվում է ուկրաինական բանակի հակահարձակումը երկրի հարավում՝ Խերսոնի մարզում։ Այստեղ Ռուսաստանի պարտությունը կլինի Մոսկվայի ամենամեծ անհաջողություններից մեկը արդեն ուղիղ ութ ամիս շարունակվող պատերազմում: Խերսոնը Ռուսաստանի միակ հենարանն է Ուկրաինան կիսող Դնեպրի գետի արևմտյան ափին: Այս շրջանը վերահսկում է նաև մուտքը դեպի Ղրիմ, որը Ռուսաստանը բռնակցել է դեռ 2014 ին:

Թեև օրեր առաջ հաղորդվել էր, թե ռուսական կողմը տարհանում է տեղի բնակիչներին, սակայն այժմ հաղորդումներ են ստացվում, որ բանակը ամրապնդում է դիրքերը Խերսոնում։ Այսօր օկուպացիոն ուժերի ղեկավարը հայտարարել է, թե Խերսոնում մնացած տղամարդիկ կարող են միանալ ինքնապաշտպանական ջոկատներին։

Ու մինչ ռազմական գործողությունները շարունակվում են և պատերազմը վերջը դեռ չի երևում ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ են արել մշակել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը աջակցելու ծրագիր՝ Մարշալի պլանի նման, որը Միացյալ Նահանգները գործարկեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան վերակառուցելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG