Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է, որ երկրի հարավում գիշերը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է խոցել


Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը երկրի հարավում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Հարավային» ռազմաօդային հրամանատարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Օդեսայի տարածաշրջանի ռազմական վարչակազմի խոսնակ Սերհի Բրատչուկն էլ հայտնել է, որ երկրի հարավում ռուսական Orlan-10 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան Տելեգրամում գրել է, որ տարածաշրջանում աշխատում է հակաօդային պաշտպանությունը՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ ապաստարաններում։

Կիևն ու Արևմուտքը պնդում են, որ վերջին օրերին իրանական անօդաչու թռչող սարքերը կարևոր զենք են դարձել Ռուսաստանի ձեռքում, որոնց կիրառմամբ լայնածավալ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ամբողջ տարածքի էլեկտրական ենթակառուցվածքներին և այլ քաղաքացիական թիրախներին: Ուկրաինայում Իրանի դեսպանին զրկել են հավատարմագրումից, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է երկրի իշխանություններին խզել հարաբերությունները Իրանի հետ։

Պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան կտրականապես հերքում են սպառազինության առքուվաճառքի մասին պնդումները, Իրանի իշխանությունները հավաստիացնում են, թե ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից և ոչ մեկին չեն օգնում և առհասարակ դեմ են պատերազմին։

XS
SM
MD
LG