Եվրամիության դիտորդները Վրաստանից Հայաստան կժամանեն մինչև ամսվա վերջ և կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածներում, մասնավորապես, ադրբեջանական վերջին հարձակման թիրախում հայտնված Սյունիքում և Գեղարքունիքում, տեղեկացնում են «Ազատության» աղբյուրները։
Հայաստան ժամանող քաղաքացիական առաքելությունը ժամանակավոր է և սահմաններին կմնա ոչ ավելի քան երկու ամիս։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են եվրոպացիները գալիս ընդամենը երկու ամսով, արտգործնախարության խոսնակ Վահան Հունանյանն այսպես պատասխանեց․ - «Քաղաքացիական դիտորդների տեղակայման համաձայնությունը ձեռք էր բերվել ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ընթացքում»։
ԱԳՆ խոսնակն այլ մանրամասներ չներկայացրեց։
«Երկու ամսից պայմանագրի ստորագրումն իրատեսական չէ»
Երևանը շարունակում է բանակցությունները Բաքվի հետ և, ըստ պաշտոնյաների, խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ Արդյո՞ք հենց այս պատճառով է Եվրամիությունը գալիս երկամսյա առաքելությամբ։ Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը, որն օրերես հանդիպել էր եվրոպացի դիտրոդների նախնական խմբի հետ, հերքում է այս վարկածը։
«Կարծում եմ պատահականություն է։ 60-օրյա կամ երկամսյա տևողությունը կապված չէ խաղաղության պայմանագրի ծրագրված ստորագրման հետ։ Սա Բրյուսելի դիվանգիտական բանակցությունների արդյուքն է, այնպես է ստացվել, որ որոշել են` ժամկետը պետք է լինի առավելագույնը երկու ամիս։ Նկատենք որ խոսքն ամենաշատը երկու ամսվա մասին է, այսինքն՝ կարող է ավելի կարճ էլ լինել», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Ավելին, Կիրակոսյանի կարծիքով, երկու ամսից պայմանագրի ստորագրումն իրատեսական չէ, իսկ Հայաստանին շարունակում է սպառնալ նոր հարձակում։
«Նրանք, որոնք ակնկալում են շուտափույտ ստորագրում, կտրված են իրականությունից», - ասաց Կիրակոսյանը։
Այնուամենյանիվ, անցյալ շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղարն էր հայտարարել, որ կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը, մյուս կողմից օրերս Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել էր Հայաստանի վրա նոր հարձակման պատրվակ ստեղծելու համար:
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։