Եվրամիության արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատել են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել այս ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ։
Եվրամիությունը լիովին հանձնառու է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, նիստից հետո Թվիթերում գրել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը, հավելելով. - «Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»:
Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ փորձագետները Հայաստան կբերվեն Վրաստանից, որտեղ Եվրամիությունը 200-հոգանոց քաղաքացիական առաքելություն է տեղակայել 2008 թվականից՝ ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո։ Նախնական համաձայնությամբ, առաքելությունը պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի առավելագույնը երկու ամիս։
Ադրբեջանի հետ Հայաստանի սահման Եվրամիության քաղաքացիական դիտորդներ գործուղելու համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում, անցած շաբաթ ԵՄ դեսպանները հավանություն տվեցին առաքելությանը, օրեր անց էլ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդների նախնական խումբը՝ տեխնիկական գնահատման առաքելությունը: