Մատչելիության հղումներ

Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի խոսնակ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Բաքուն երկու օր առաջ հայկական կողմին է հանձնել ադրբեջանական գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանի մարմինը։ Շարքային զինծառայողը նույնականացված գերիների թվում էր։

Ադրբեջանական հարձակումից մեկ օր անց հայրը որդուն ադրբեջանական տեսանյութերում էր ճանաչել, համոզվել, որ Դավիթը գերիների ցանկում է, դիմել էր իրավապաշտպաններին։

Հետո Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիմել էր Եվրոպական դատարան՝ խնդրելով հրատապ միջոց կիրառել՝ ապահովելու ռազմագերու կյանքն ու առողջությունը։ Եվ մինչ Եվրադարանը մինչև սեպտեմբերի 22-ը ժամանակ էր տվել Բաքվին պատասխանելու այս միջնորդությանը, գերեվարված, ապա մահացած զինվորի դին Բաքուն հանձնեց Երևանին 31 այլ զոհերի մարմինների հետ։

«Երեկ երեկոյան արդեն պարզ դարձավ, որ Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ։ Հայրը լրատվամիջոցներին արդեն ասել էր, որ անձամբ է ճանաչել որդու մարմինը։ Այսօր առավոտյան մենք տեղեկացրել ենք Եվրոպական դատարան, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի երկրորդ հոդվածը։ Դիմել ենք նաև երրորդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից», - փոխանցեց գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա հավելեց, որ այսօր Դավթի մահվան մասին տեղեկացրել են Ստրասբուրգի դատարանին՝ ընդգծելով, որ Բաքուն խախտել է հայ զինծառայողի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։

Պաշտոնական Երևանի վերջին տվյալներով, անցած շաբաթվա բախումների հետևանքով 20 հայ զինծառայող է գերեվարվել։ Դավիթ Գիշյանի տվյալները Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակին էր փոխանցել գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը։

Արտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյան

«Պետք է իրականացվի նախաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։ Արդյո՞ք պետությունը կատարել է իր պարտականությունները կյանքը երաշխավորելու և ապահովելու, պաշտպանելու։ Ցանկացած պետության մասին է խոսքը։ Բնականաբար, պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, և նրա կյանքի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Մենք ունենք տեսանյութ, որ նա ողջ վիճակում գտնվում է ադրբեջանցիների իրավազորության ներքո, նրան վիրակապում են, առաջին հայացքից նա ունի կրծքավանդակի թափանցող վիրավորում», - ասաց Զեյնալյանը։

Զինվորի կյանքի համար պատասխանատվությունը կրում է հենց Բաքուն և հե'նց այդ երկրում պետք է քննություն կատարվի՝ պարզելու թե արդյո՞ք նա սպանվել է, թե՞ մահացել է պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով. - «Եթե պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, դա ևս արդեն նյութական իրավունքի խախտում է, կյանքի իրավունքի նյութական բաղադրատարրի խախտում է։ Ադրբեջանի իրավասության ներքո է գտնվել, և բնականաբար, պետք է այդ նախաքննությունն իրականացնի Ադրբեջանը՝ պատշաճ ջանադրաբար։ Այս հատկանիշները ևս կարևոր են, դա պարտականությունների մեջ է մտնում։ Իսկ եթե այդպես չլինի, ապա դա դիտարկվելու է խախտում, արձանագրվելու է որպես կյանքի իրավունքի խախտում»։

Քրիստիննե Գրիգորյան
Քրիստիննե Գրիգորյան

Հայ ռազմագերիներին խոշտանգելու, կտտանքների ենթարկելու լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու մասին զեկույց է պատրաստել ու միջազգային կառույցներին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, որը տեղի ունեցածը որակում է ծանր ռազմական հանցագործություն։ Վերջերս համացանցում տարածվել էին հայ ռազմագերի կնոջը խոշտանգելու ու նրա մարմինը անարգելու լուսանկարները։

«Ատելության ամբողջ բառապաշարով ուղեկցվող տեսանյութերը, որոնք իրենք և իրականացրել են էդ հանցանքը, հետո նաև հպարտորեն տեսագրել են ու տարածում են իրենց ցանցերում, վերլուծել ենք այս ուղղությամբ մի շարք տեսանյութեր, ներառյալ երկու տեսանյութ, որոնք ներգրավում են երկու հայ կին զինծառայողների, երկրորդ դեպքում արդեն գործ ունեինք ռազմական բուժքրոջ հետ, իր անձը հաստատվեց։ Էս բոլորը վերլուծել ենք մենք զեկույցի փակ հատվածում, ոչ հրապարակային հատվածում, բայց, բնականաբար, դրանք արդեն ներկայացրել ենք միջազգային կազմակերպություններին», - փոխանցեց Գրիգորյանը։

Հայաստանի կառավարությունն այսօր հաղորդեց, որ զոհվածների և անհետ կորածների թիվը 207 է։ Մինչ այդ վարչապետը հայտնել էր, թե հայկական կողմը 135 զոհ ունի։ Հրադադարից հինգ օր անց էլ գործադիրը չի հստակեցնում, թե 207-ից քանիսն են զոհվել և քանիսն է անհետ կորած համարվում։ Պետական գերատեսչություններն առայժմ ոչինչ չեն հաղորդել նաև որոնողական աշխատանքների մասին։

XS
SM
MD
LG