Մեծ յոթնյակի (G7) երկրները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չորեքշաբթի օրը խոստացել են պատկառելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որը ծանր հարված է ստացել ռուսական վերջին հրթիռային հարվածներից և ամսական միլիարդավոր դոլարների օգնության կարիք ունի:
Ուկրաինայի նախագահը տեսակապով դիմել է G7-ի երկրների ֆինանսների նախարարներին, ովքեր հավաքվել էին Վաշինգտոնում՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովներին։ «Մենք տեսնում ենք, որ ռուսական ահաբեկչությունները կարող են ակտիվանալ։ Ուստի պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունը՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար՝ վերականգնելու ավերվածը և երաշխավորելու մեր պետության ֆինանսական կայունությունը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ հաջորդ տարի Կիևը կբախվի բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտի։
ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան ասել է, որ 2023 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները կկազմեն ամսական 3-4 միլիարդ դոլար: