Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման խնդիրը


Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհներ Կիևում, 10-ը հոկտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհներ Կիևում, 10-ը հոկտեմբերի, 2022թ.

ՆԱՏՕ-ի անդամներն ու համագործակցող երկրները՝ շուրջ հիսուն պետության պաշտպանության նախարարներ այսօր հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայի օդային պաշտպանությունն ամրապնդելու հնարավորությունները։

«Մեր միասնությունն անխախտ է և տևական»

«Մեր միասնությունն անխախտ է և տևական»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Մեր վճռականությունը Ուկրաինային աջակցելու հարցում կախված չէ եղանակային կամ այլ պայմաններից։ Մենք միասնական ենք և հաստատակամ, որ կշարունակենք ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները՝ այսօրվա կարիքներին արձագանքելու, ինչպես նաև գալիք ժամանակների համար», - ասել է նա։

Հավաքն անցնում է Ռուսաստանի վերջին հուժկու ռմբակոծություններից հետո, որոնց թիրախում էին հայտնվել ուկրաինական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Կիևի բնակելի թաղամասերն ու ենթակառուցվածքները։ Անցած օրերին ռուսական բանակը ավելի քան հարյուր հթրիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնց զոհ է դարձել առնվազն 19 մարդ:

Նախագահ Պուտինը պնդել էր, թե սա Ռուսաստանի պատասխանն է Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար։ Կիևում այս մեղադրանքները չեն ընդունում և կոչ են անում Արևմուտքին Ուկրաինայի օդը փակել։ Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է՝ այսուհետ աջակցության հիմնական շեշտը կդրվի հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։

«Մեր դաշնակիցների այդ որոշումը ծայրաստիճան կարևոր է, և կարծում եմ՝ բոլորս ենք տեսել, թե ինչու. թիրախում են ուկրաինական քաղաքները, էներգետիկ կառույցները, խաղաղ բնակիչներ են սպանվում, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ՝ փլուզվում, երբ մենք կանգնած ենք ձմռան շեմին»,- նշել է նա:

Գերմանիան հաջորդ տարի կրկին հակաօդային պաշտպանության համակարգ կմատակարարի

Գերմանիան արդեն իսկ Ուկրաինա է հասցրել IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգը, որի մատակարարման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ պատերազմից առաջ։ Խոսքը ժամանակակից արդյունավետ համակարգի մասին է, որը նախատեսված է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ և որոշ հրթիռներ ոչնչացնելու համար։

«Հաջորդ տարի մենք ևս երեք նման համակարգ կմատակարարենք Ուկրաինային», - այսօր հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբեխտը։

«Գերմանիայի մատակարարած ՀՕՊ համակարգն արդեն տեղ է հասել և շատ կարևոր աջակցություն է ռուսական հրթիռների և ահաբեկչության դեմ պայքարում, որը Մոսկվան կիրառում է խաղաղ բնակչության դեմ», - հավելել է նա։

Կրեմլը պաշտպանել է սկսած պատերազմը

Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, այսօր կրկին պաշտպանել է Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը․ Կրեմլի խոսնակը պնդել է, թե «փետրվարի 24-ին դրված նպատակները մնում են ուժի մեջ»։ Ավելի վաղ Ռուսաստանը քննադատել էր Ուկրիանային աջակցելու, զինտեխնիկա տրամադրելու արևմտյան երկրների որոշումը, պնդելով, թե այդ քայլերը երկարաձգելու են պատերազմն ու ավելի ցավագին դարձնելու այն Ուկրաինայի համար։

Պուտինը սխալվել է իր հաշվարկներում. Բայդեն

Միացյալ Նահանգների առաջնորդը, մինչդեռ, երեկ պնդել է՝ թեև Պուտինը ռացիոնալ խաղացող է, սակայն Ուկրաինայի դեմ պատերազմում կոպտորեն սխալվել է իր հաշվարկներում:

«Նա թերագնահատեց ուկրաինացիների կամքի ուժը», -ասել է Սպիտակ տան ղեկավարը, ընդգծելով՝ Պուտինը անհեթեթ խնդիր է դրել իր առաջ. «Լսեք՝ ինչ է նա ասում, ներխուժման որոշումից հետո նա ասում էր, թե պետք է լինի Ռուսաստանի առաջնորդը, որը կմիավորի բոլոր ռուսախոսներին։ Ես կարծում եմ՝ սա ուղղակի անհեթեթություն է։ Նա կարծում էր, թե իրեն կդիմավորեն գրկաբաց, որ Կիևը ռուսական քաղաքների մայրն է, և նրան այնտեղ կընդունեն ու կողջունեն։ Կարծում եմ՝ Պուտինն ուղղակի ամբողջովին սխալվել է իր հաշվարկներում»։

Խոսելով Պուտինի ծրագրերի մասին՝ Բայդենը կասկած է հայտնել, որ նա կարող է ի վերջո միջուկային զենք կիրառել։ Միաժամանակ պնդել է, թե Պենտագոնը արդեն իսկ մշակել է այդ սցենարին արձագանքելու հնարավոր տարբերակներ։ Թե ինչ են դրանք ենթադրում, գերտերության առաջնորդը չի հստակեցրել։

«Իմ կողմից անպատասխանատու կլիներ խոսել այն մասին, թե ինչ ենք մենք անելու կամ չենք անելու»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG