Ռուսական ուժերը հոկտեմբերի 11-ին շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքաներին։
Լվովի շրջանում և Լվով քաղաքում վնասվել է երկու կրիտիկական նշանակության ենթակառուցվածք, հայտնել է Լվովի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով՝ հրթիռակոծության հետևանքով քաղաքի 30 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության, խափանումներ կան նաև ջրամատակարարման հետ կապված։
Հաղորդվում է, որ պայթյուններ են հնչում նաև Խմելնիցկի և Օդեսայի շրջաններում, իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ ապաստարաններում։ Օդեսայի Պրիմորսկի շրջանը ևս առանց հոսանքի է մնացել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանյան զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկ կառույցներին։
Երկուշաբթի օրը ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով սպանվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել։ Հաղորդվում է, որ հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։