Աստանայում հոկտեմբերի 14-ին նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով, որ Միրզոյանը Ղազախստան է մեկնում վաղը: Նա Աստանայում երկօրյա աշխատանքային այցով է գտնվելու՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպում էին ունեցել հոկտեմբերի սկզբին՝ շուրջ 10 օր առաջ Ժնևում: Ժնևյան բանակցություններն, ըստ էության, առաջինն էին խաղաղության պայմանագրի տեքստի օրակարգով։
Այնուհետև հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպումը՝ ընդունելով հայտարարություն:
Այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է Արևմուտքին՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն կերպ միջամտելու և Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու համար։