Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցներ, «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը:
ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցված հարվածներից Հայաստանի դեսպանության շենքը չի վնասվել:
Երեկ առավոտյան ուկրաինական տասնյակ քաղաքներ հրթիռակոծության են ենթարկվել։ Պայթյուններ են որոտացել ոչ միայն մայրաքաղաք Կիևում, այլև Խմելնիցկիում, Ժիտոմիրում, Տերնոպոլում, Լվովում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում, Խարկովում, Կոնոտոպում, Օդեսայում և Դնեպրում։ Կիևը վերջին անգամ թիրախավորել էր հունիսի վերջին։
Նախնական տվյալներով՝ ռուսական կողմից ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել է։
Ղրիմի կամուրջի պայթյունից հետո Կիևին ահաբեկչության համար մեղադրող Պուտինը հայտարարել է, թե ուկրաինական օբյեկտներն իր հրամանով են հրթիռակոծվել։