Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է, որ «մի քանի պայթյուն» է որոտացել Կիևի Շևչենկոյի շրջանում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Սվետլանա Վոդոլագան հեռուստաալիքներից մեկին հայտնել է, որ Կիևի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ և զոհեր։ Ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովի խոսքով՝ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Վերջին անգամ Կիևը հրթիռակոծվել էր հունիսի վերջին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը Կիևից բացի հարվածներ է հասցրել նաև այլ քաղաքների և շրջանների, տուժել են խաղաղ բնակիչներ:
Պայթյուններ են որոտացել, մասնավորապես, Դնեպրում, Լվովում, Զապորոժիեում: «Զապորոժիեի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով կրկին ավերվել է բազմահարկ բնակելի շենք։ Կան զոհեր», - հաղորդել է տեղի ռազմական վարչակազմի ղեկավարը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսներն ուկրաինական թիրախների վրա արձակել են առնվազն 75 հրթիռ: Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել դրանցից ավելի քան 40-ը:
Կիևի մետրոն դադարեցրել է աշխատանքը և այս պահին գործում է որպես ռմբապաստարան:
Հրշեջները փորձում են մարել պայթյուններից հրդեհված մեքենաները, բժիշկները տեղում օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Պուտինը Ուկրաինայի հատուկ ծառայություններին մեղադրել է Ղրիմի կամրջի պայթյունը կազմակերպելու մեջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին Ղրիմի (Կերչ) կամրջի վրա հոկտեմբերի 8-ին պայթյուն կազմակերպելու մեջ։
Ռուսական հեռուստաալիքները ցուցադրել են կիրակի երեկոյան Պուտինի հանդիպումը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Պուտինի հետ հանդիպմանը Բաստրիկինը հայտարարել է, թե պայթյունին ներգրավված են եղել ոչ միայն Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այլ նաև Ռուսաստանի և արտասահմանյան երկրների որոշ քաղաքացիներ։
Ըստ նրա՝ պայթյունի գործը հարուցվել է «ահաբեկչություն» հոդվածով, իսկ մեղավորներն արդեն բացահայտվել են։ Անուններ, սակայն, այդ հանդիպմանը չեն հնչել։ Պուտինը Ղրիմի կամրջի պայթյունն, իր հերթին, անվանել է «ահաբեկչական հարձակում, որի նպատակն է ոչնչացնել կարևոր ենթակառուցվածքները»։
«Հեղինակները, կատարողները, հաճախորդները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են»,- հավելել է Պուտինը։
Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։
Կրասնոդարի երկրամասից Ղրիմ տանող կամրջի ավտոմոբիլային հատվածի երկու բացվածքներ փլուզվել են։ Երթևեկությունը կամրջի վրա, սակայն, մասամբ արդեն վերականգնվել է։ Բաստրիկինի խոսքով՝ բեռնատարը Բուլղարիայից Վրաստանի և Հայաստանի տարածքով շարժվում էր դեպի Հյուսիսային Օսիա, իսկ ավելի ուշ՝ Կրասնոդարի երկրամաս։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բեռնատարի սեփականատերը Կրասնոդարի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ձեռնարկատեր է, իսկ մեքենան վարել է նրա բարեկամը։ Ուկրաինայի մի շարք պաշտոնյաներ ողջունել են միջադեպը, մինչդեռ պաշտոնական Կիևը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ ենթադրել էր, որ պայթյունը հնարավոր է Ռուսաստանում իշխանության ներսում պայքարի արդյունք է։
ԱՄՆ-ը չի մեկնաբանել պայթյունը՝ նշելով միայն, որ Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայում պատերազմի համար։
Երկուշաբթի օրը Պուտինը Ղրիմի կամրջի պայթյունի հարցով հանդիպում կունենա Անվտանգության խորհրդի անդամների հետ։