Չնայած կառավարության ամիսներ առաջ տված հավաստիացումներին, թե խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է, խնդիրներ չեն լինի, շատ խաղողագործներն այսօր մնացել են բերքն իրացնելու խնդրի առջև միայնակ։
«Անորոշ վիճակ է, չեն ընդունում, պայմանագիր չունեմ: Անցած տարի եմ հիմնել, էս տարի արդեն բերքի տակ է, մի 2 տոննա կլինի: Ասում են՝ տեղ չունենք՝ էդքանը ո՛չ կարաս անես արաղ, ո՛չ գինի», - ասաց խաղողագործը:
Արմավիրի մարզի խաղողագործ Տիգրան Մոմչյանը չգիտի՝ ողջ տարվա աշխատանքն ինչ անի․ նորաստեղծ այգու բերքը մթերողները հրաժարվում են գնել. «Ո՛չ պլանավորում են, ո՛չ տենց մի բան կա, որ մենք խորհրդակցենք իրանց հետ, որ մեզ ուղղություն ցույց տան, ոչ մի աջակցություն չկա: Ինչ անում են՝ մենք մեզնով: Նախքան խաղողը հասնելը ասացին, որ ոչ մի զավոդում խնդիր չի լինի, սաղ զավոդները ժամանակին կընդունեն, գյուղացու մեկ կիլո ապրանքն էլ չի մնա, էս տարվա մասին է խոսքը»:
Պատմությունը նույնությամբ կրկնվում է գրեթե ամեն տարի. խաղողագործները սեպտեմբեր-հոկտեմբերին բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև, խնդրում, պահանջում են միջնորդել, որ մասնավոր ընկերությունները բերքը մթերեն։ Մասնագետներն ասում են, որ այս խնդիրը չի լինի՝ եթե հենց տարեսկզբին պատասխանատուները պլանավորեն՝ ինչ է անհրաժեշտ տնտեսությանը, ու սպասելիքներն ու կանխատեսումները փոխանցեն գյուղացիներին։
«Էկոնոմիկայի նախարարությունից եկել են, մի երիտասարդ աղջիկ էր, գրանցեց, բայց նման խոսակցություն չի եղել: Հարցեր տվեց, ասաց՝ «ի՞նչ հեղատարածք ունեք, ինչքա՞ն, ի՞նչ սորտեր են», իսկ հանձնելու և այլի մասին ոչ մի խոսակցություն», - ասաց խաղողագործ Հունան Թամոյանը:
Նա արդեն 16 տարի է խաղողագործությամբ զբաղվում։ Այս աշնանը բախտը բերել է՝ մի կերպ կարողացել էր իրացնել 12 տոննա խաղողը, այն էլ՝ ուրիշի օգնությամբ. «Հայտարարեցին, որ պայմանագիր են կապում, մեկ օր հետո գնացինք կապելու, մեզ ուղարկեցին գլխամաս, Պրոշյան գյուղ, էնտեղ մեզնից տվյալներ վերցրի, փափուկ բարձ դրին, ուղարկին, ասացին՝ «մենք կկանչենք»: Ուրիշի անունով, խնդրելով, մի կերպ հանձնել եմ»:
Խաղողագործների միությունում ընդգծում են՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին էր արդեն ակնհայտ՝ մթերման խնդիրներ են առաջանալու։ Բայց խաղողագործներին այդ մասին որևէ մեկը որևէ բան չի ասել։ Ավելին, կառավարությունն այս ամիսներին պետության բյուջեից գումար է տրամադրել խաղողագործներին՝ անտոկոս վարկեր, պարարտանյութի սուբսիդավորում։ Ինչո՞ւ են պետության միջոցները ծախսվում մի ուղղությամբ, որի կարիքը չկա, հարցնում է գյուղատնտես Նվեր Սարգսյանը:
«Ընթացքում, մինչև մթերումը նայած զավոդ, զավոդներ կան պայմանագիր կապում են, զավոդներ կան պայմանագիր չեն կապում, գալիս է բերքահավաքի ժամանակ նոր ոնց որ պարտադրեն գյուղացուն, որ էս գինն է, վերջ: Իսկ որ գարնանը գան, պայմանագիր կապեն, գին նշեն, նոր գյուղացին կիմանա՝ մշակի, թե չմշակի: Թողնում են, գյուղացին մշակում է, գալիս է բերքը հանձնելու ժամանակը նոր գին են թելադրում, վերջ գյուղացին ստիպված պետք է տա», - նշեց Սարգսյանը:
Խնդիրների մեջ մնացած խաղողագործներին զայրացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վերջին հայտարարությունը, թե եթե չեն կարողանում բերքն իրացնել, թող այլ աշխատանքով զբաղվեն։ Իսկ եթե հաջորդ տարի պարզվի, որ կարիքը կա՞, հարցնում են գյուղացիները:
Էկոնոմիկայի նախարարը անցած օգոստոսին «Արմենպրես»-ին ասել էր՝ մինչ խաղողաքաղի մեկնարկը մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է։
«Մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ», -ասել էր Վահան Քերոբյանը։
Դաշտի մեջտեղում կանգնած՝ գյուղացիներն այսօր պնդում էին՝ դրական տեղաշարժ չեն տեսել․ անցած տարվա նման էլի կանգնած են մեկ տարվա աշխատանքը ջուրը լցնելու, լավագույն դեպքում՝ ջրի գնով մթերելու առջև։