Պետրոս Ավետիսյանը բերքի իրացման այս շրջանում փաստի առաջ կանգնած բազմաթիվ այգեգործներից մեկն է։ Խաղողը գործարաններին վաճառել չեն կարողանում, եթե ստացվում է՝ գինն է շատ ցածր։ Տղամարդու խոսքով, սակայն, իրենց ավելի վաղ հավաստիացրել էին՝ այսպիսի խնդիր չեն ունենալու։
Չնայած ծանր գյուղատնտեսական տարվա կանխատեսումներին՝ խաղողագործը պնդում է՝ այս բոլոր ամիսների ընթացքում միայն մեկ անգամ են գործադիրից եկել իրենց հետ խոսելու. «Մարդիկ ասում են, որ եկել են, ասել են, որ խաղողի գինը նվազագույնը կլինի 120 դրամ, երկրորդն էլ՝ կընդունեն, ամեն ինչ էլ կանեն: Գնացինք Էկոնոմիկայի նախարարություն, ոչ մի նորմալ պատասխան չստացանք, սենց ապարդյուն», - պատմեց նա:
Վերջին տարիներին դժվար է հիշել գեթ մեկ աշուն, երբ խաղողի մթերման այս սեզոնում գյուղատնտեսները բողոքի ակցիաներ, ցույցեր չեն կազմակերպել։ Դժգոհություններ մթերման ծավալներին ու գներից. այս թեման ակտիվ քննարկվում է գրեթե յուրաքանչյուր տարի։ Մասնագետներն ու ոլորտի փորձագետները վստահ են՝ պետությունն ունի անհրաժեշտ գործիքներ՝ այսպիսի անորոշ վիճակներից խուսափելու և ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար։
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն ընդգծում է՝ ոլորտի պատասխանատուները պետք է պարբերաբար գնան գյուղացիների հետ հանդիպումների, որպեսզի հասկանան՝ իրականում ինչ վիճակում են նրանք։ Բացատրեն, թե ինչ է սպասվելու խաղողագործներին աշնանն ու ուղղություններ ցույց տան։ Սարգսյանի պնդնամբ՝ սա չի արվում։ Այնինչ, դեռ գարնանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին էր ակնհայտ՝ խաղողի մթերման խնդիրներ են առաջանալու։
Հայաստանից Ռուսաստան և Ուկրաինա արտահանվող ապրանքների ցանկում զգալի մաս են կազմում հենց ալկոհոլային խմիչքները։ Արտահանվում է Հայաստանում արտադրված խմիչքների մոտ 80 տոկոսը, ընդ որում՝ ամենամեծ շուկան արևմտյան խիստ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն է. «Խաղողագործ-վերամշակող-կառավարություն սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր սեղաններ, քննարկումներ, ոչ մի նման քայլ… եթե նման բան եղած լիներ, նման աշխատանք տարված լիներ, այդ խնդիրը չէր առաջանա»:
Ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարարն այսօր խաղողի փոքր այգիներ ունեցող գյուղացիներին պարզապես հորդորեց այլ աշխատանքով զբաղվել կամ խոշորացնել իրենց հողատարածքը։ Վահան Քերոբյանն ասում է՝ այսպես ընտանիքի բարեկեցությունը ապահովել հնարավոր չէ:
«Գյուղատնտեսությունը գնում է դեպի բարձր արտադրողականությունը, ասենք, ակնհայտ է, որ խաղողագործությունը ևս պետք է խոշորանա: Հիմա խաղողագործները հարցեր են տալիս, ասում են՝ իսկ մենք ի՞նչ անենք, մեր ընտանիքն ի՞նչ անի և այլն, տեսեք՝ եթե ընտանիքում կա չորս չափահաս մարդ, որ աշխատում են, իրենց պետք է հասկանան, որ իրենց տված արդյունքը պետք է լինի մեծ, եթե այդ արդյունքը փոքր է ստացվում իրենց ունեցած հողակտորի վրա, իրենք պետք է գնան, ուրիշ աշխատանք անեն կամ մեծացնեն իրենց հողատարածքը», - շեշտեց նախարարը:
Գործադիրի հաշվարկներով՝ Հայաստանում այժմ 30 հազար տոննա խաղողի մթերման խնդիր կա։ Գերատեսչությունից օրերս «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել էին՝ մթերման ցածր գնի պատճառը դոլարի փոխարժեքի նվազումն է։ Էկոնոմիկայի նախարարությունից ընդունում են՝ այս տարի նաև խաղող մշակելու ինքնարժեքն է ավելացել, ուստի գյուղացիները հիմա էլ ավելի բարդ խնդրի առջև են կանգնած։
Կառավարությունն անցած շաբաթ որոշեց բարելավել բերքի ընդունման համար ընկերություններին տրամադրվող վարկերի արտոնյալ պայմանները, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ խաղող մթերել գյուղացիներից:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը վստահ է՝ կառավարությունը ոչ թե խաղող ընդունող գործարաններին պետք է արտոնյալ պայմաններով վարկեր տա, այլ այդ օժանդակությունը խաղողագործներին տրամադրի:
«Պետք է գյուղացուն ֆինանսավորենք, սուբսիդավորենք մեկ հեկտարի հաշվարկով, ի՞նչ չափով, որ և գյուղացուն հարմար լինի, այդ գնով հանձնի գործարանին, տեսեք՝ այսօր մեր հաշվարկներով մոտ 120 դրամ է նստում մեկ կիլոգրամ խաղողի ինքնարժեքը: Գործարանը ձեռք է բերում 120 դրամով, մեզ պետք է պրակտիկ դաշտ, օրենսդրական դաշտ, որտեղ հստակ կլինի խաղողարտադրողի, նրանից խաղող ձեռքբերողի, վերամշակողի հարաբերությունները», - ասաց նա:
Արդյոք կառավարության այս վերջին որոշումը կօգնի լուծել օրեր շարունակ դռնեդուռ ընկնող գյուղացիները խնդիրը, որոնց բերքը դեռ արևի տակ է։ Հայաստանի խմիչքներ արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկի գլխավոր հաշվապահն ասում է՝ իրենք հավելյալ մթերումներ կատարել այլևս չեն կարող. «Պիտի հնարավորություններ տա էլի գործարանը, նենց չի, որ ուզենաս, ծավալները պիտի քանակ ապահովեն, մեր նախատեսածով փորձել ենք իրականացնել»:
Մինչ այդ մթերումների իրենց հերթերին սպասող խաղողագործներն ահազանգում են՝ եթե ոչինչ չփոխվի, ի վերջո ստիպված են լինելու ուղղակի թափել իրենց ողջ բերքը։