Մատչելիության հղումներ

«Սա մղձավանջ է, մեր օրերի մեծագույն աղետը». Հայաստանում ապաստանած ռուսաստանցի


42-ամյա Լեոնիդ Սմագինը Սոչիից երեկ էր Երևան ժամանել։ Դեռ տեղավորվել էլ չէր հասցրել։ Ճամպրուկներով ռուսաստանցուն Երևանի կենտրոնում հանդիպեցինք։ Ինքը կարողացել է խուսափել Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար հայտարարված զորակոչից, բայց ծանոթներից ոմանք արդեն ռազմի դաշտում են՝ ոչ իրենց կամքով։

«Վատ է, երբ մարդիկ են զոհվում, չեմ ուզում մասնակցել այդ ամենին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սմագինը։ - «Ծանոթներ ունեմ, որոնց տարել են, ու ոչ մի լուր չունենք։ Մի քանի ամիս կմնամ։ Դեռ զբոսաշրջիկի կարգավիճակ ունեմ, բայց եթե իրադրությունն ավելի սրվի, չգիտեմ, արժե վերադառնալ թե ոչ։ Ընտանիքիս կգա մի քանի շաբաթից»։

Այս օրերին ռուսաստանցի տղամարդկանց կարելի է հանդիպել Երևանի գրեթե բոլոր անկյուններում։ Ոմանք ընտանիքներով են, ոմանք միայնակ, շատերը Հայաստան գալիս են անորոշ ժամանակով։

«Սեպտեմբերի 30-ին եմ եկել՝ դժվարությամբ, տոմսերը շատ թանկ են , բայց ինչ անեի», - ասում է այս երիտասարդը։

Դաշնությունում տեղի ունեցողը նա անընդունելի է համարում. - «Իմ համոզմամբ, ոչ մի պատճառով մարդկանց սպանել չի կարելի, չի կարելի մարդկանց ստիպել գնալ այդ քայլին, արյունը ձեռքիցդ չես մաքրի։ Հույս ունեմ որ այս ամենը շուտ կավարտվի ու բոլորը կկարողանան տուն վերադառնալ»

Երիտասարդը պատմում է՝ աշխատանքի հարցը դեռ անորոշ է, բայց տեղավորվելու հարցում խնդիրներ չի ունեցել. - «Ընկերներով միասին ենք ապրում։ Աշխատանքիս հարցը դեռ կախված է մնում։ Ես այժմ գրանցված եմ որպես Ռուսաստանում աշխատող, բայց դե չգիտենք, թե այս ամենը որքան կտևի»։

Միգրացիոն ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ինը ամիսներին Ռուսաստանից Հայաստան աննախադեպ մեծ հոսք է գրանցվել. 2021-ի համեմատ, օրինակ, մուտքերի թիվը այս տարի գրեթե երկու անգամ ավելի է։

«Ինը ամիսների տվյալներով, Ռուսաստանի քաղաքացու անձնագրով Հայաստանի Հանրապետություն մուտքերի քանակը շուրջ 780 հազար է։ Ելքերի քանակը 740 հազարի կարգի է, այսինքն՝ տարբերություն մենք ունենք 42 հազարից մի փոքր ավելի։ Ընդհանուր առմամբ, աճողական միտումը նկատելի է», - «Ազատությանը» փոխանցեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ներհոսքը սկսվեց գարնանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ շաբաթներից։ Սեպտեմբերի 21-ին՝ մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո նոր ալիք սկսվեց։

Ուկրաինայի դեմ պատերազմին ընդդիմացող ռուսաստանիցները հիմնականում գնում են այն երկրները, որոնք ազատ վիզային ռեժիմ ունեն Ռուսաստանի հետ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է՝ այս ամիսներին բազմաթիվ ռուսաստանցիներ Հայաստանում աշխատանքի են անցել, կեցության կարգավիճակ ձեռք բերել, շատերը բիզնեսներ են հիմնել. - «Անձը, ով գալիս է առանց վիզայի պահանջի երկրից, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել 180 օր ժամկետով։ «Օտարերկրացիների մասին» օրենքի մեր կարգավորումն է։ Եվրասիական միության մասին պայմանագիրը նշում է, որ եթե ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին աշխատում է մեկ այլ ԵԱՏՄ անդամ երկրում, ապա կարող է գտնվել այնտեղ իր աշխատանքային պայմանագրի ժամկետով՝ օրինական հիմունքներով»։

Միգրացիոն ծառայության իրակացրած հետազոտության համաձայն, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների 75 տոկոսն աշխատանք ունի, ընդ որում, մեծ մասը՝ IT ոլորտում։

Դեռ մարտին Երևանում հաստատված Իվան Շիշկինը IT մասնագետներից մեկն է։ Ասում է՝ իր բոլոր տղամարդ ծանոթներն են ցանկանում լքել Ռուսաստանը։ Պատերազմի մասին մտածելն է անգամ դաժան. - «Սա աղետ է, աղետ Ռուսաստանի համար, բոլոր նրանց համար, ովքեր հիմա այնտեղից մեկնել չեն կարողանում։ Ռուսաստանում ամեն երկրորդ զրույցը սկսվում է հարցից՝ ծանուցագիր ուղարկե՞լ են, թե ոչ»։

Քանի դեռ դաժան պատերազմը շարունակվում է, վերադառնալու մասին շատերն անգամ չեն էլ մտածում. - «Սա մղձավանջ է, մեր օրերի մեծագույն աղետը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG