Մատչելիության հղումներ

Փաշինյանը Քոչարյանին ու Սարգսյանին է մեղադրում, պնդում՝ նրանք են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս


Վարչապետն այսօր ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Պրահայում Ալիևի հետ քառակողմ և Էրդողանի հետ երկկողմ հանդիպման մասին։

Փաշինյանը վաղը Չեխիայի մայրաքաղաքում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. - «Քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի և Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եվ նաև իհարկե հիմնական հանդիպումները կլինեն, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որը ըստ էության ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է»։

Փաշինյանի վերլուծությամբ՝ վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքը Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել, և ինքը քաղաքական մեծամասնության հետ պատրաստվում է գնալ այդ ճանապարհով։ Ասաց, թե վերահաստատում է խաղաղության օրակարգը իր վերջին հարցազրուցում հայտարարած սկզբունքերի հիման վրա. - «Չգիտեմ էսօր էս իմ հայտարարությունը ով ոնց կնենգափոխի, հետո քանի՞ հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգա, ես ասում եմ, որ այդ պատասխանատվությունը ստանձնելու եմ, ես գնում եմ էդ ճանապարհով, ես գնալու եմ էդ ճանապարհով։ Բայց էստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ գնալու։ Սա է ամենակարևոր արձանագրումը»։

Այդ ճանապարհով գնալու ուղղությունների մասին խոսեց նաև։ Նախ, Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում։ «Այս պարագայում ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հետ» հարցի պատասխանը Փաշինյանը տվեց, երբ մատնանշեց երկրորդ ուղությունը. - «Կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Իսկ այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող»։

Հենց այս հարցի շրջանակներում Փաշինյանը որոշեց անդրադառնալ մեղադրանքերին, թե իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, և որոշեց պատասխանել դրանց։ Պնդեց, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն են իրենց որոշումներով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։1998-ին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու և1999 նոյեմբերին ԵԱՀԿ ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով է, ըստ Փաշինյանի, Հայաստանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Այդ որոշումներն ու դրանց հետևանքները այլևս անհնար է հետ պտտել, պնդեց վարչապետը. - «Ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել։ Այսինքն՝ էս մոտեցումը՝ Հայաստանը ճանաչել՞ է արդյոք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Այո, ճանաչել է, և դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Եվ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը էդ ժառանգությունը ընդունել են՝ որպես իշխանություն ստանձնելու նախապայման։ Ռոբերտ Քոչարյանն էլ 98 թվին իշխանությունը ստանձնելու նախապայման որպես Ղարաբաղը դուրս ա թողել բանակցային գործընթացից՝ դրանով դնելով անկյունաքարը»։

Փաշինյանը չխոսեց սակայն այն մասին, թե ովքեր են եղել այդ նախապայմանը դնողները, և եթե նորանկախ Հայաստանում իշխանության փոփոխությունը Ղարաբաղի հարցով նախապայմանների ստանձմամբ է եղել, իր առջև նման նախապայմաններ դրվե՞լ են, թե՞ ոչ։

Փաշինյանը անդրադարձավ նաև 2019 թվականին Արցախի Վերածննդի հրապարակում իր «Արցախը Հայաստան է, և վե'րջ» հայտարարությանը։ Ասաց՝ չէ՞ որ 1990 թվականի Անկախության հռչակագրի նախաբանում է հղում արված Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի որոշումներին. - «Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են։ Սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից։ Որովհետև էն թուղթը, որը սեղանին թողել ա Սերժ Սարգսյանը, բանակցային էն թուղթը, որը թողել ա, եթե այդ չափանիշներով և այդ բանաձևերով գնահատենք, դա եղել ա կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել ա կապիտուլյացիայի թուղթը և հեռացել ա»։

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ այսօր պատգամավորներին հաստատեց, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տարրերը, որոնց հիմքում դեռ գարնանը հրապարակված Ադրբեջանի հինգ սկզբունքներն են։ Նշենք, որ կիրակի օրը Միրզոյան - Բայրամով հանդիպմանը հետևած պաշտոնական Երևանի հաղորդագրությունում այս մասին ոչինչ չկար։

Արտգործնախարարը հաստատեց, բայց մանրամասներ չփոխանցեց. - «Իսկապես մեզ փոխանցվել է էդպիսի փաստաթուղթ։ Կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ կրկին մեր համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել... նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։

Հարցուպատասխանը այսօր ևս միայն իշխանականների մասնակցությամբ էր և ընդամենը կես ժամ տևեց։ Պատգամավորներից միայն չորսը հարցեր ունեին կառավարությանը և միայն մեկն էր ուղղված վարչապետ Փաշինյանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG