Մատչելիության հղումներ

Կոնջորյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին է ներկայացրել Ադրբեջանի բարբարոսությունները


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Ջեքի Սփիրին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին։

Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։

Կոնջորյանը կոչ է արել գործընկերներին շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակ ագրեսիա, Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին։

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

Հոկտեմբերի 2-ին առավոտյան համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։

XS
SM
MD
LG