Մատչելիության հղումներ

Երևանը Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների հստակ գնահատական է պահանջում


Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին, ասված է Արտգործնախարարության այսօր հրապարակած հայտարարությունում:

«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ հետամուտ է լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ «Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է», - ասված է հայտարարությունում:

«Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG