Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտել է Միացյալ Նահանգներին, հայտարարելով, որ այլ երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելով՝ Վաշինգտոնը հեգեմոնիստական քաղաքականություն է իրականացնում:
Ռայիսին նաև հավաստիացրել է, որ Իրանը չունի միջուկային ռումբ ստեղծելու մտադրություն:
«Որպես Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ղեկավար ես հայտարարում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի փորձում ստեղծել կամ ձեռք բերել միջուկային զենք»,- ասել է Ռայիսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Իր ուղերձում նա անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային գործարքի վերականգնման հնարավորությանը, նշելով, որ Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից և հիմա էլ պատրաստ է շարունակել դրանք:
Նա ընդգծել, որ «Միացյալ Նահանգներն է պարբերաբար լքել բանակցությունների սեղանը և արհեստական խոչընդոտներ ստեղծել»: