Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասներն է ներկայացրել արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր Նյու Յորքում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ:
Միրզոյանը մատնանշել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունները և խոշտանգումները։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։
«Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը», - ասված է Արտաքին գործերի նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։
Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։
Հայկական կողմն այսօր պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: