Մատչելիության հղումներ

«Կեսգիշերին մեր տունը պայթեց, Սոթքից փախել ենք կիսամերկ».


Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջին արկը մեր տան վրա է ընկել, պատմում է Մարինե Հարությունյանը. - «12-ն անց 5 րոպե իմ տուն պայթալ ա։ Ես դուրսը կաղնած նայում էի»։

Ամուսինը, տղան հարսը, թոռները չեն հասցրել փախչել, տան շեմին էին, երբ արկը պայթեց. - «Հենց հելանք շենքից, երևի Աստված մեզ փրկեց, նոր տունը տրաքեց։ Մերկ ենք քյացել։ էդ կնիկն ա շոր տվել, որ հագել եմ էս հիմա որ մնում եմ էդ տունը»։

Մանկահասակ թոռների ննջարանի դռան մեջ է մտել բեկորը, մահճակալի տակ էլ են հասել բեկորներ։ Ամուսինը վնասվածքներ ստացել։

Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի թիրախում էին Վարդենիսի սահմանամերձ գյուղերը։ Նշանառության տակ մարդկանց տներն են եղել, դպրոցներ, մանկապարտեզներ։ Սոթքում ավերածություններն ամենուր են,150 տուն է վնասվել, 60-ը՝ ամբողջությաբբ, 7-ը փլուզվել է։

Սարգիս Հարությունյանի տունն էլ ապրելու ենթակա չէ, բայց գյուղից չի հեռանա։ «Ո՞ւր գնամ»,- հուսահատ հարցնում է։ «Արդեն մեկ անգամ փախել են»։ 89 թվին Ադրբեջանի Միրզիկ գյուղից եկել Սոթքում է հաստատվել։ - «Այ մարդ, ոնց գնամ, իմ հողերը ստեղ, իմ ծնողներս ստեղ թաղված, իմ հարազատները թաղված... ես ո՞ւր գնամ»։

Գյուղտեխնիկան էլ չկա, գոմը փլուզվել է, կովերի կեսը սատկել։ Կարտոֆիլի հողամասը՝ երեք հեկտար, շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, չի կարողանում բերքը հավաքել. - «Էնա նրանց դեմն ա, թուրքերի դեմն ա... Ոչ մի բան պետքը չի։ Իմ կրիշեն սարքեն, ես մեջին մնամ, հետո իրանք ինչ կտան, չեն տա, ես գործ չունեմ»։

Դեռ փոխհատուցում չեն ստացել։ Չգիտի տունը երբ կնորոգեն, կամ կկառուցեն։ Կնոջ հետ կմնա կիսափուլ տանը, որ եղածին տիրություն անի։

Թեթև վնասված տները, կվերանորոգվեն, փլուզվածների փոխարեն նորերը կկառուցվեն, վստահեցնում է Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Մարզեպտարանին արդեն գումար հատկացրել են. - «Այն շինությունները, որոնք թեթև վնասվածքներ ունեն, մենք մարզպետարանին գումար ենք հատկացրել, որպեսզի դրանք արագ կարգի բերեն տեղի ուժերով, և մարդիկ վերադառնան բնակվեն։ Իսկ որոնք նորը պիտի կառուցվի, կկառուցենք»։

Հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում խաղաղ բնակիչներից մեկ հոգի սպանվել է, մեկն անհայտ կորել, 4-ը վիրավորվել են։

Մարդիկ լուսացնում են վախով, ասում է Դերենիկ Ոսկանյանը, ով 30 տարի Սոթքում է ապրում։ Ուժգին հրետակոծության օրերին թոռների հետ գյուղում է եղել։ Միայն տունն է վնասվել։ Ամբողջ Հայաստանն է կրակի վտանգի տակ, ասում է, ո՞ւր փախչես. - «Էստեղից որ գնանք Վարդենիս, էստեղ ազատենք, մեր հետևից կգան Վարդենիս։ Վարդենիսից որ իջնենք Երևան, մեր հետևից կգան Երևան... Էսօր մեր մի փոքր Հայաստանից ո՞ւր պըտի փախնես-գնաս»։

Ադրբեջանական հարձակումից երկու շաբաթ անց Գեղարքունիքի 12 դպրոց դեռ դեռ փակ է։ Աշակերտները հեռավար են դաս անում։ Սոթքում հիմնականում տղամարդիկ են, շատ կանայք ու երեխաները դեռ չեն վերադարձել։

Քրիստինե Բեգոյանը, որ հարձակման օրերին գյուղը լքել էր, վերադարձել է։ Որդին 44-օրյա պատերազմում է զոհվել։ Մանկահասակ երեք երեխայի հետ տագնապով ապրում է։ Իր գյուղից հեռանալ չի ուզում, միայն թե անվտանգ լինի. - «Մեր անվտանգությունը ապահովեն, ուրիշ բան չեմ ուզում»։

XS
SM
MD
LG