Մատչելիության հղումներ

«Չգիտենք՝ վաղը մեզ ինչ ա սպասվում». Սոթքի տարածքում ամենուր ռումբերի փորած փոսերն են, չպայթած արկերը


Սոթքում Բոզոյանների տան հյուրասենյակում այս պահին երկու չպայթած արկ կա, մոտենալ չարժե, քանի դեռ սակրավորները չեն վնասազերծել դրանք: Տանտիրուհին՝ տիկին Ալվարդը, հյուրասենյակ չի էլ փորձում մտնել, որովհետև հնարավոր չէ, տունն ավերված է: Ոչինչ՝ ասում է:

«Լավ կլինի, թող հենց վնասը սրա համար լինի, մենակ մեր զորքին, մեր էրեխեքին ոչ մի բան չլինի: Կորուստ էլ ունենք, տալիս փեսեն անհայտ ա, անցած պատերազմին ամուսինը զոհվեց, հիմա էլ՝ փոքր աղջկա ամուսինը», - ասաց Ալվարդը:

Վերջին տարիներին, ասում է, գյուղից հեռանալու մտքեր ունեին, հիմա տունը չկա, բայց գնալու մտքերն էլ չկան. «Եթե մինչև էս տատանվում էի՝ գամ, թե չգամ, բայց հիմա հաստատ կգամ: Էս էլ տվեցինք, ուրեմն Վարդենիսը չկա»:

Տունն այն աստիճանի է փլուզվել, որ հնարավոր չէ զանազանել՝ որտեղ ինչ գույք է եղել, տնով մեկ ցաքուցրիվ է եղել 4-5 տոննա գարին, որ իրենց այս տարվա բերքն է ու դրա վաճառքից ստացված փողով ձմեռվա փայտ պիտի գնեին, չնայած այս պատկերին՝ տիկին Ալվարդը ցերեկվա ապահով ժամերին Սոթք է գալիս:

«Ո՞նց չգամ, ես ստեղ իմ աղջկան եմ ունեցել, էս իմ տունն ա, իմ էրեխեքի մանկությունը էս տան մեջ ա եղել», - նշեց Սոթքի բնակիչը:​

Գյուղում լռություն է. ավերակների մեջ պտտվող տղամարդիկ են երևում։ 250 ընտանիք՝ կանայք, երեխաներ մեկ շաբաթից ավելի է գյուղում չեն գիշերում, վտանգավոր է։ Սոթքի տարածքում ամենուր ադրբեջանական ռումբերի փորած փոսերն են, չպայթած արկերը։ Հակոբ Հակոբյանը մի քանի հարյուր արկ է հաշվել գյուղում:

«Գիշերը գյուղում կարող ա​ [մնան] մի 20-22 հոգի մոտավոր, բայց մնացածները ընտանիքով դուրս են եկել, գնում են, առավոտ գալիս են իրանց անասուններին տիրություն անում, գնում են»​, - ներկայացրեց Հակոբյանը:

Ցերեկվա ժամերին կարճ ժամանակով են գյուղում նաև կանանց ձայներ լսվում:

«Մենք ստեղ անասուն ունենք, մեր տունն ա, ո՞ւր գնամ, ո՞ւմ տանը ամեն օր հյուրի կարգավիճակով ապրեմ», - ասաց Սոթքի բնակիչ Նաիրա Քոչարյանը:

Նրա տան ապակիներն են վնասվել, բակում վարսավիրանոցի պես մի բան կա՝ արկը ուղիղ դրան է հասել: «Լավ է հասցրել ենք փախչել», - սեպտեմբերի 13-ի գիշերն է հիշում ու տագնապում ՝ Սոթքում քնել դեռ չեն կարող։ Շունը՝ Սևուկը, այդ գիշերից հետո ոչ ուտում է, ոչ խմում, ոչ էլ հաչում:

«Մենք չգիտենք՝ վաղը մեզ ինչ ա սպասվում, ինչ կորոշվի, ինչ կորոշվի, եթե նորմալ լինի, երաշխիք տան, ապահովեն մեր անվտանգությունը, իհարկե, բա գալու ենք ապրենք, ո՞ւր գնանք ապրենք», - ասաց Նաիրա Քոչարյանը:

Ո՞վ պետք է երաշխավորի, որ ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ էլ չի կրակի, չկա այդպիսի երաշխիք: Սոթքի վարչական ղեկավարը, որ երեք ամիս է ինչ այս աթոռն է զբաղեցնում, ոչ մի կերպ չի հաջողացնում զբաղեցնել գյուղապետի հարմարավետ բազկաթոռը. այն փոշու մեջ կորած է, Սևակ Խաչատրյանի գործը դրսում է. «Էս պահին մեր գործը ոչ թե կաբինետային է, այլ բնակիչների ինչ-որ խնդիրներ լուծելուն է ուղղված»:​


Գյուղի տների կեսից ավելին վնասվել է, մի մասն ընդհանրապես հողին է հավասարվել, կան նաև ամբողջությամբ հրդեհված տներ: Ըստ համայնքապետի՝ մարզպետը խոստացել է՝ փոխհատուցվելու են բոլորը:

«Ասել է, որ չի մնա բնակիչ, որի թեկուզ մեկ պատուհան կոտրվել է ու այդ վնասը չի փոխհատուցվելու», - նշեց Խաչատրյանը:​

Սոթքում նաև էներգամատակարարման գծերն էին վնասվել, գյուղը հոսանք չուներ, մասնագետներն աշխատում են, ըստ համայնքապետի, այժմ մի քանի տուն է մնացել, որ առանց հոսանքի են:

Այս գյուղը սահմանային դարձավ 44-օրյա պատերազմից հետո, արդեն երկու տարի է, իսկ գյուղը ապաստարան չունի, կառավարությունը նոր-նոր է մտածել ու սուբվենցիոն մի ծրագիր հաստատել:

«Հաստատված է, մյուս տարի արդեն շինարարությունը կսկսվի», - ասաց Սոթք համայնքի վարչական ղեկավարը:​

Սևակ Խաչատրյանը հույս ունի, որ բնակիչները կվերադառնան, դպրոցը, որ բարեբախտաբար չի վնասվել՝ կբացվի՝ գոնե եկող շաբաթվանից: Սոթքի դպրոցում 160 աշակերտ է սովորում, 30 սան մանկապարտեզն ունի:

​Մելինե Գևորգյանի երկու փոքրիկ աղջիկներն էին միայն Սոթքում՝ էմին ու Մանեն։ Տնից, գյուղից կարոտը կառնեն ու կհեռանան դեպի Վարդենիս։

XS
SM
MD
LG