Մատչելիության հղումներ

Զորքերի հետքաշումը ելման դիրքեր հուսալի հիմք կարող է լինել՝ առկա խնդիրները լուծելու համար. Ռուսաստանի դեսպան


Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագետներն այսօր Գեղարքունիքի մարզում էին՝ սահմանամերձ Սոթքում ու Կութում՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի ու մարզային պաշտոնյաների ուղեկցությամբ:

Պաշտոնյաները նրանց ներկայացրեցին Ադրբեջանի հրետակոծության հետևանքները: Սեպտեմբերյան մարտերի օրերին Վարդենիսի տարածքում Ադրբեջանի թիրախում է եղել նաև Սոթք համայնքը: Ամենաշատ ավերածությունները այստեղ են. տներ են հրետակոծվել, մոտ 150-ը բնակության ենթակա չէ, վնասվել են վարչական շենքեր ու թիրախավորվել է դպրոցը:

Սոթքի բնակիչների մի մասը վերադառնում է գյուղ, բայց հիմնականում տղամարդիկ են այստեղ: Նրանք «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ կանանց ու երեխաներին դեռ չեն բերում, տագնապում են, որ նորից հակառակորդը կհարձակվի:

«Տանը երեք անչափահաս փոքր երեխաներ ունեմ, ես էլ 44-օրյա պատերազմի զոհվածի մամա եմ, բայց էլի եթե երաշխավորվի, որ իմ էրեխեքի անվտանգությունն ապահովված կլինի, վտանգ չի սպառնա, կմնանք ստեղ, ուղղակի վախ կա էլի: Մեր էրեխեքը զոհվել են հանուն էս հողների, չեն զոհվել, որ փախնենք նորից», - ասաց բնակիչներից մեկը:

«Ընդհանրապես դուրս չենք եկել, ապրում ենք էստեղ ու շարունակում ենք ապրել, քանի որ մենք վստահում ենք մեր հայոց բանակի և էրեխեքի, ցանկացած հայի բազկի ուժին», - նշեց մեկ այլ բնակիչ:

Սարգիս Հարությունը պատմեց, որ հրթիռակոծության գիշերը բազմանդամ ընտանիքին հազիվ է փրկել, միայն ինքն է վնասվածքներ ստացել, վնասվել է ամբողջ գյուղտեխնիկան, պիտանի չէ օգտագործման համար: Նա նշեց, որ մի քանի հեկտար կարտոֆիլի հողամաս ունի, չի կարողանում բերքը հավաքել՝ մոտ է ադրբեջանական դիրքերին:

Սոթքում դպրոցը և մանկապարտեզը դեռ փակ են:

Դեսպանների և Հայաստանի պաշտոնյաների հանդիպումը շարունակվում է Վարդենիսի համայնքապետարանում, այստեղ է նաև Գլխավոր Շտաբի պետի տեղակալը, որը մանրամասն ներկայացնում է ռազմական ու անվտանգային իրավիճակը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը լուծելու համար հուսալի հիմք կարող է լինել զորքերի հետքաշումը: Ռուս դիվանագետը հրաժարվեց մեկնաբանել վերջին օրերին ամենաշատ քննարկվող հարցը, թե ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին 44-օրյա պատերազմից հետո զենք չի վաճառել: «Դա զգայուն հարց է, պրոֆեսիոնալները պետք է պատասխանեն», - արձագանքեց դեսպանը:

«Իհարկե, այս ամեն ինչը շատ ողբերգական է, ես նույն բանը երեկ տեսա նաև Ջերմուկում ու Գորիսում, և իհարկե, սա ավելի է ամրապնդում Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ ուժի կիրառումը ճանապարհ է, որը չի կարող խնդիրների հանուգացլուծմանը բերել:

Մենք առաջնորդվում ենք նրանով, որ միայն դիվանագիտական ջանքերը այն բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետ մեկտեղ, որ ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին, և զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող են լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար», - մասնավորապես նշեց Սերգեյ Կոպիրկինը:

Անդրադառնալով հայկական կողմի դժգոհություններին, որ Ռուսաստանը բավարար աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին, ՌԴ դեսպանն արձագանքեց. «Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը աջակցություն չի տրամադրում: Իհարկե, այս ողբերգական իրավիճակում կարող են տարբեր ակնկալիքներ լինել, մենք դա հասկանում ենք, բայց Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մեկնարկած քաղաքական կարգավորման գործընթացը շարունակվի՝ անկախ բոլոր խնդիրներից ու տարաձայնություններից։ Շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ՝ կողմերի հետ համագործակցելով, որպեսզի ընդհանուր մոտեցումներ ձևավորվեն։ Դա հեշտ չէ, մեծ ջանքեր է պահանջում, բայց շարունակում ենք աշխատել: Իսկ զենքի մատակարարման մասին պատրաստ չեմ մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով, որ դա զգայուն հարց է, դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա մեր դաշնակցային հարաբերություններին վերաբերվող հարց է»:

Իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր «Ազատության» հետ զրույցում ասել, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին ոչ մի զենք չի վաճառել:

XS
SM
MD
LG