Մատչելիության հղումներ

Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի դեմ ագրեսիայի հետևանքների հաղթահարման աշխատանքներում


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Ֆրանսիայի առանցքային դերն է շեշտել վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆրանսիացի սենատորների հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչը կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա, ասված է վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:

Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, և անդրադարձել է նախագահ Էմանյուել Մակրոնի հետ քննարկումներին:

Պատվիրակությունը գլխավորող՝ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ:

Դըվինազը նշել է, որ ուշադրությամբ հետևել են Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի սեպտեմբերի 26-ի հայտարարություններին, և կարևորել է, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG