Մատչելիության հղումներ

«Իմ սիրտը վկայում ա, ես զգում եմ, որ ինքը սաղ ա». անհետ կորածի մայր


Անհետ կորած զինվոր Արա Աղաջանյանի մայրը
Անհետ կորած զինվոր Արա Աղաջանյանի մայրը

Շուտով երկու տարին կլրանա, որ տիկին Օֆելյան որդուց ոչ մի տեղեկություն չունի։ Մայրը գերադասում է երազներին հավատալ , որոնցում իր զինվորական որդին ցեխոտ շորերով է, անխնամ, բայց ողջ է. - «Միշտ գիշերը որ պառկում եմ, երազիս մեջ անընդհատ ինձ խոսցնում ա, ինձ հետ խոսում ա... ես հետ եմ գալու, մամ, ես հետ եմ գալու։ Մի էրկու անգամ տեսել եմ ցեխոտ շորերով, բան։ Տեսել եմ էդ ժնջիլով ոտերը-ձեռները կապած... Բայց իմ սիրտը վկայում ա, ես զգում եմ, որ ինքը սաղ ա»։

Աղաջանյանները Հադրութի շրջանի Հակակու գյուղից են։ Որդին՝ 27-ամյա Արան, պայմանագրային զինծառայող էր։ Պատերազմի առաջին օրից շտապօգնության մեքենայով Ֆիզուլիից վիրավորների ու զոհերի է տեղափոխել Տող գյուղի դպրոց, որը հոսպիտալի էր վերածվել. - «Ամեն օր զոհ, վիրավոր, զոհ, վիրավոր... Երրորդ օրը որ ինքը էկել ա տուն, ասեց՝ մամա, արդեն էրկու հազար հինգ հարյուր վիրավոր ու զոհ եմ հանել։ Ասեցի՝ այ, ցավդ տանեմ, սաղ ջահելները դուրս են էկել, փախել են, դու էլ գնա։ Ասեց՝ մամ, ես ազգի դավաճան չեմ, ես մեր հայերը չեմ թողնի գետնին ընկած, թուրքերը գան վրայով անցնեն»։

Ամեն օր արյունոտ շորերով տուն էր մտնում, փոխվում հետ գնում, հիշում է տիկին Օֆելյան։ Դաժան այդ օրերից որոշ դրվագներ վիրավորներն իրենք են Արայի ծնողներին պատմել. - «Մեկին շալակած, մեկին էլ նասիլկեն ձեռը սենց բռնած... Թե էդ ինչ էրեխա ա, ինչքան ուժ ունի, ինքը պուճուր-մուճուր, մի ձեռով ռուլն ա շուռ տվել, մի ձեռով էլ սիստեման ա պահել»։

Հոկտեմբերի 12-ին Արայի ծնողները, կինն ու երկու փոքրիկները վերջին անգամ են լսել նրա ձայնը. - «Մենակ վերջին խոսքը, թե մամ, էրեխոցս լավ կնայես... էդ ա, դրանից հետո էլ խոսակցություն չեմ լսել...»

Զոհվե՞լ է, գերեվարվե՞լ, ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել... ոչ ոք չգիտի։ Արա Աղաջանյանը անհետ կորած է համարվում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած 303 մարդկանցից մեկը։

Ծնողները գենետիկ փորձաքննության համար արյուն են հանձնել։ «Մի անգամ զանգել են, թե բա հարսի արյունը բռնել ա երեխու հետ, կգաք։ Գնացել ենք, թե հավաքենք իրար կողքը, իբր թե մաս-մաս ա, կարող ա ուրիշ տոպրակի մեջ էլ լինի, բան... Մեկ էլ, թե՝ տասնհինգ օրից հետո խաբարը կասենք։ Նորից զանգեցին, թե բա սխալմունք ա եղել, կներեք, ձերը չի եղել», - ասում է Արայի հայրը։


Ընտանիքում շունչ են քաշել՝ լավ է, մահացածների մեջ չէ, բայց Արայի հայրը՝ Հովսեփ Աղաջանյանն ասում է, որ անորոշություն ավելի սոսկալի է՝ գոնե մի շիրիմ ունենար, մի մասունք գտնվեր. - «Կիմանամ, որ մի ձեռն ա թե մի ոտն ա, տարել եմ դրել ընդե, իրա կնիկն, իրա երեխան կգնա գերեզմանոց...»

Այս պատերազմում անհետ կորել է նաև Հովսեփ Աղաջանյանի եղբայրը։ Ո'չ զինվորական էր, ո'չ էլ առաջնագծում, առողջական խնդիրներով տանն է մնացել, հրաժարվել է հեռանալ հայրենի գյուղից, մտքով էլ չի անցել, որ Հակակուն ադրբեջանական կդառնա. - «Դուռը բացել եմ ավտոյի, ասել եմ նստի։ Թե՝ չէ, ես դուրս չեմ գալիս ստեղից»։

Անհետ կորածի ընտանիքների համար նախատեսված ամսական 300 հազար դրամ աջակցությունից այս ընտանքիում չեն օգտվել, չեն օգտվում. - «Մենք սուսփուս նստել ենք, ասել ենք մեր էրեխան գա»։

Վերջին ամիսներին սկսել են փաստաթղթեր հավաքել, հունիսին դատարանի վճռով Արա Աղաջանյանը անհետ կորած ճանաչվեց, բայց գումարի հարցը դեռ չի լուծվում ՝ թղթեր, թղթեր։ 8 հոգանոց ընտանիքում Արայի փոքրիկներն են, կինը, ծնողները, երկու քույրերն ու եղբայրը՝ առաջին կարգի հաշմանդամությամբ։ Ապրում են թոշակով, դրանով տան վարձն են վճարում՝ 120 հազար դրամ, կոմունալ վճարները ու փորձում սնվել... Պետությունը տեղահանված, անտուն, երկու անհետ կորած ունեցող այս ընտանիքի համար որևէ առաջարկ այս պահին չունի...


Տարվա ոչ մի սեզոնի հարմարավետության զգացում հիմա չունեն, Արայի կինը՝ Զինան, ասում է, որ երեխաներն ամենուր հորն են փնտրում, երեքամյա Հովսեփը զինվորականի հագուստով բոլոր տղամարդկանց իր հայրն է համարում. - «Զինվոր ա տեսնում, ասում ա՝ մամա, խի՞ չի պապան մեզ խոսացնում»։

5-ամյա Ալյոնան ինքնաթիռների ձայներն է փորձում որսալ, դրանցից ո՞ր մեկով է հայրիկը մոտենալու իրեն...

XS
SM
MD
LG