Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար․ նախագահ


44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի առիթով իր ուղերձում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ընդգծելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններով սանձազերծվեց 44-օրյա պատերազմը՝ նախագահը շեշտել է՝ այն ի չիք դարձրեց գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։

Իր խորին ցավակցությունն ու զորակցությունն հայտնելով մարտում ընկած նվիրյալների հարազատներին՝ նախագահը շեշտել է, - «Այսօր, ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա»։

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Հոկտեմբեր, 2020թ․
Հոկտեմբեր, 2020թ․

Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:

Երկու տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել տասնյակ ռազմագերիների, ավելին՝ նրանց թիվը վերջին տվյալներով ևս 20-ով ավելացել է սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողություններից հետո, չեն բացվել հաղորդակցության ուղիները:

XS
SM
MD
LG