Մատչելիության հղումներ

Երևանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. ԱԳ փոխնախարարը՝ Զասին


Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են «Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը»։

Պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։

Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնելն էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։

Սեպտեմբերի 20-ից Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, մանրամասն քննարկել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG