Թեև երկրորդ տարին է՝ 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի իշխանությունները հայտարարում են Ադրբեջանի հետ սահմանն ամրացնելու, պատշաճ խրամատներ, ամրություններ կառուցելու մասին, սակայն առաջնագծում ծառայողներից շատերը հակառակն են պնդում։
Սոցիալական ցանցերում, հատկապես վերջին օրերին այս մասին բազմաթիվ գրառումներ կան։ Դրանցից մեկի հեղինակն, օրինակ, Պաշտպանության նախարարությանը հորդորել է ճշտել՝ ինչո՞ւ է Սյունիքի մարզի Իշխանասարի դիրքերում զորքը «լոմ, լապատկա, քլունգ և աշխատանքային այլ տեխնիկա խնդրում»։ Գրառմանը արձագանքել են այլ օգտատերեր՝ նույն մտահոգությամբ։
Այսօր էլ առաջնագծում գտնվող ծառայողներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, «Ազատությանը» փոխանցեց՝ դիրքերի պատշաճ կահավորումը, օրինակ՝ երկաթբետոնե ամրությունները կարող են բազմաթիվ զինվորների կյանքեր փրկել։
«Անօդաչուն չի կարող ավիացիայի պես մեծ ծավալի արկեր կրել, մեծ քաշի, նրա այդ բեռի կրման հնարավորությունները շատ սահմանափակ են և սահմանափակվում են մինչև 10-15 կգ պայթուցիկի սահմաններում, իսկ օրինակ` ավիացիան դա հասնում էր մինչև մի քանի տոննայի, ու այս պարագայում եթե խրամատները լինում են բետոնապատ ու ճիշտ կառուցված իրենց դզոտերով, ապա անօդաչուների դերը զրոյանում է, այլևս իր առաջ բաց երկնքի տակ փոսում նստած պատանի չի, որ կարողանա միանգամից ոչնչացնել, հասարակ բետոնն այս դեպքում այդ խնդիրը լուծում է», - ասաց նա:
Օրեր առաջ Սոթքից մինչև Ներքին Հանդ տեղի ունեցած մարտական գործողություններից հետո համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում է՝ հայկական կողմի դիրքերը կառուցված են այնպես, ինչպես արցախյան երկրորդ պատերազմից առաջ՝ հաշվի չառնելով մարտավարական վերջին փոփոխությունները։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ այս առումով ադրբեջանական կողմը ավելի համակարգված է գործում, և այս մասին պետք է խոսել իրավիճակը փոխելու համար. «Եթե մեր դեպքում այդ աշխատանքները կատարում են հերթափոխ իրականացնող զինվորները, որոնք չքնելով իրենց հերթապահության ամբողջ ընթացքում կատարում են ինժեներական աշխատանք, բացի մարտական հերթապահությունից, ապա հակառակորդի դեպքում նրանք ունեն հասուն ենթակառուցվածք` կայացած, որը շատ արագ ինժեներական տեխնիկայի, աշխատողների միջոցով կահավորում է իր դիրքերը, իսկ մեզ դա անելու համար երկար ժամանակ է պահանջվում»:
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս օրերս հայտարարեց՝ վերջին բախումներում հայկական կողմը ամենամեծ կորուստներն ունեցել է հենց այն դիրքերում, որոնք պատշաճ կահավորված չէին։
«Հիմա մենք կարող ենք ուղիղ հարց տալ ՀՀ իշխանություններին` ինչո՞ւ ասֆա»տները կահավորված են, ինչո՞ւ տարբեր գինու փառատոնների համար գումարներ են ծախսվում, ինչո՞ւ Հայաստանի ներսում` քաղաքներում, համապատասխան միջոցառումներ են իրականացվում, բայց առաջին գիծը, խրամատները գոնե հասարակ հակառակորդի հրետանակոծությունից, հակառակորդի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար կահավորված չի եղել», - ասել էր նախկին նախարարը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը փաստում է՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը ընդլայնվել է՝ Սոթքից մինչև Արաքս։ Ընդդիմադիր պատգամավորը, որ վերջերս է վերադարձել դիրքերից, պնդում է՝ կառավարությունը նոր բնագծերում պատշաճ պաշտպանական ենթակառուցվածքներ չի ստեղծել, թեև ուներ մոտ երկու տարի ժամանակ։
«Տեսեք, մենք ունեցել ենք փաստացի ագրեսիա, որը տևել է մոտ օր կամ մի փոքր ավելի, Ադրբեջանն ասում է 8-9 ժամ, բայց վերցնենք մեկ-մեկուկես օր, այս պարագայում ասեմ, որ ինտենսիվությունը, կիրառվող միջոցները էականորեն զիջել են նույնիսկ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններին, որը 4 օր է տևել, բայց եթե համեմատություն ենք իրականացնում գրանցված մարդկային կորուստների մեջ, տարբերությունն ահռելի է մեկ օրվա կտրվածքով: Սա ևս խոսում է այն մասին, որ առաջնագիծն ինքը պատրաստ չի եղել թշնամու հարվածներին, ինչը բերել է չափազանց շատ մարդկային կորուստների», - նկատեց Տիգրան Աբրահամյանը:
Արցախում 2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվեց մոտ հարյուր զոհ՝ առնվազն երկու անգամ պակաս այս սեպտեմբերին տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվածների թվից։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ընդունում է՝ դեռ շատ գործ կա անելու, միաժամանակ` պնդում, թե այս ընթացքում նոր բնագծերում «ահռելի աշխատանք է կատարվել:
«Այո, շատ լավ կլինի, որ մենք, ասենք, մի հազար հատ ավելի տրակտոր ունենայինք, մի հազար հատ ավելի այլ տեխնիկա ունենայինք հատուկ և շատ արագ այդ գործերը կազմակերպեինք, բայց արվում է այն, ինչը մեր ռեսուրսների սահմաններում է: Ամբողջական տեխնիկական հնարավորություններն են օգտագործվում, և այո, բանակ է, մեկ-մեկ էլ քլունգ է պետք լինելու և բահ: Հերիք է այդ մասին շատ խոսեն: Որպեսզի սահմանի ամբողջ երկայնքով երկաթբետոնե բունկերներ սարքենք, դրա համար անհրաժեշտ կլինի մի քանի տարի: Պատկերացնո՞ւմ եք մի քանի հարյուր կմ երկաթե բունկերներ, բայց ասեմ հետևայլը` երկաթե բունկերներ պատրաստելու մեջ բավականին մեծ աշխատանքներն են կատարվել, և ունենք բավականին կահավորված և ամրացված երկաթե բունկերներ բազմաթիվ հատվածներում: Երկաթե բունկերների թիվը չեմ կարող Ձեզ նշել, բայց բավականին շատ է, և այս պահին էլ շարունակվում է», - հավաստիացրեց իշխանական պատգամավորը:
44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանը երակարեց, ավելացավ Սոթքից մինչև Արաքս գետ հատվածը՝ մոտ 400 կիլոմետր։ Արձագանքելով՝ ինչպես է կահավորվում այս նոր առաջնագիծը հարցին, անցած տարվա մայիսին խորհրդարանում Փաշինյանը հավաստիացրեց՝ դիրքերը պատշաճ կահավորվում են, սակայն աշխատանքների մեծ մասը գաղտնի է։