Մատչելիության հղումներ

Անկարան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, ՄԱԿ-ում վստահեցնում է Էրդողանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Անկարան հավատում է, որ չնայած վերջին արյունալի բախումներին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է համապարփակ խաղաղություն հաստատել, երեկ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Չնայած վերջին օրերին տեղի ունեցած բախումները ստվերում են ստեղծված լավ մթնոլորտը, հավատում ենք, որ երկու երկրների միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է: Մշտապես շարունակելու ենք լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին իրենց իրավունքների և ապագայի կառուցման համար մղած պայքարում», - ասել է Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով, թե Անկարան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա միևնույն ժամանակ շեշտել է` Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին կլինի։

Սեպտեմբերի 13-ին սկսված բախումներից անմիջապես հետո Անկարան Երևանին էր մեղադրել «սահմանային սադրանքների համար»։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Թուրքիայի առաջնորդը նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն է անդրադարձել, պնդելով, որ դրանց վերաբացումը կնպաստի բոլոր կողմերի բարօրությանը։

Միաժամանակ, ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը որևէ բառ չի ասել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, չնայած նախկինում չի խուսափել այդ ձևակերպումից։

Թեև անցած տարեվերջից Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, սակայն այս թեմային Թուրքիայի նախագահը որևէ կերպ չի անդրադարձել։ Փոխարենը նա խոսել է թուրք - հունական լարվածությունից ու հայտարարել՝ Թուրքիան ակնկալում է, որ Հունաստանը կդադարի սադրանքներ հրահրելուց և կարձագանքի Անկարայի՝ համերաշխության ու գործակցության կոչերին։

«Նրանք, որ տարածաշրջանում բռնել են ուժի ցուցադրման ճանապարհը՝ չնայած նրանց քաղաքական ու ռազմական մակարդակը երբեք համապատասխան չէ մեր երկրին, իրենք իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ», - հայտարարել է Էրդողանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում է ուղղված այս ակնարկը։

XS
SM
MD
LG