ՄԱԿ-ը հորդորում է Երևանին ու Բաքվին քայլեր ձեռնարկել սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի, ինչպես նաև` խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Այդ մասին այսօր Անվտանգության խորհրդում հայտարարեց ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան` Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ:
Դիվանագետը նշեց, որ վերջին օրերի ռազմական բախումներից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը նամակներ են հղել ՄԱԿ֊ին, պնդելով, թե 2020֊ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը խախտվել է, և ոտնահարվել է իրենց տարածքային ամբողջականությունը:
«ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ` հաստատել այդ պնդումների իսկությունը, սակայն, մենք խորապես մտահոգված ենք այս վտանգավոր իրավիճակի կապակցությամբ և հորդորել ենք կողմերին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ», ֊ ասաց ՄԱԿ֊ի փոխպետքարտուղարը:
«Վերջին բախումները ընդգծեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նախկինում, այժմ էլ բախվում է լրջագույն խոչընդոտների: Այս լարվածությունը նաև ընդգծում է, որ կողմերին անհրաժեշտ է հնարավորինս արագ առաջ շարժվել դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ` միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման շրջանակներում: Հետևողականորեն կոչ ենք անում կողմերին օգտվել այդ կարևոր մեխանիզմից` որպես սկզբունքային կարևոր քայլ` սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ», - նշել է Միրոսլավ Յենչան:
ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև կոչ արեց կառուցողական դեր ստանձնել, և քայլեր ձեռնարկել, որպեսզի Երևանն ու Բաքուն գնան խաղաղության: «Այս շաբաթվա իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, և կարևոր է, որ բոլոր դերակատարները` տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, կառուցողական քայլեր ձեռնարկեն և ճնշում գործադրեն կողմերի վրա, որպեսզի վերջիններս աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ», ֊ ասաց Յենչան:
Բախումների մեկնարկից հետո Թուրքիան հրապարակավ աջակցել է Ադրբեջանին ու խաղաղության կոչերի փոխարեն աջակցություն հայտնել ռազմական գործողություններին: ՄԱԿ֊ի պաշտոնյան, սակայն, որևէ երկրի անուն չտվեց: Յենչան միայն նշեց, որ այժմ մի շարք միջնորդական ջանքեր են գործադրվում, մասնավորապես, Ռուսաստանի ու ԵՄ կողմից, և որ ՄԱԿ֊ը լիովին աջակցում է դրանց:
«Հետևողականորեն հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցությունների և քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ», ֊ ասաց ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղարի տեղակալը:
Մանրամասները տե՛ս այստեղ