ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին:
Անտոնիո Գուտերեշը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը աջակցություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, հայտնում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակից։
«Նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել , որ հրադադարը կպահպանվի, ինչպես նաև աջակցություն է հայտնել երկու երկրների միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր ջանքերին», - ասվում է հաղորդագրությունում:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Հայկական կողմը երեկ պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է: