Մատչելիության հղումներ

Դեռևս պարզ չէ` ադրբեջանական 10-12 հոգանոց խումբը նահանջել է Ջերմուկի հատվածից, թե ոչ


Ադրբեջանի զինուժը 4.5 կմ է հեռու Ջերմուկից, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի այս հայտարարությունից երեք օր անց էլ պարզ չէ՝ արդյոք ադրբեջանական 10-12 հոգանոց խումբը նահանջել է, գերեվարվել է, դուրս է եկել Հայաստանի տարածքից։

Ոչ Ջերմուկի քաղաքապետը, ոչ էլ փոխքաղաքապետը նոր մանրամասներ «Ազատությանը» չհայտնեցին։ Փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը միայն հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին. «Ես դա չգիտեմ, ես չեմ տիրապետում ինֆորմացիային` էդտեղ են, էդտեղ չեն, ինչ է, ոնց: Ես ոչ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ եմ, ոչ բան….մենք տեղյակ չենք», - ասաց նա:

Իսկ պաշտոնական աղբյուրները երեք օր է` լռում են։ «Ազատությունը» հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու նաև` ինչ քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական շրջափակված խմբին հայկական տարածքից հեռացնելու ուղղությամբ, եթե այդ խումբը դեռ Ջերմուկին հարակից բլրի վրա է, սակայն պատասխան դեռ չկա:

Անցած ուրբաթ Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագետների և միջագային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել էր, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումների ընթացքում հակառակորդը մխրճվել է հայկական տարածքի մի քանի ուղղություններով, սակայն ամենաշատը խորացել է Ջերմուկի հատվածում։

Լրագրողների հետ ճեպազրույցում Էդվարդ Ասրյանն անգամ մատով ցույց էր տվել՝ որ գագաթի վրա են, հավելելով՝ եթե այդ խումբը ջուր ու սնունդ չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:

«Խումբը կողքերից շրջափակված են մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն` մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա», - ասել էր նա:

«Այդ ե՞րբ են ադրբեջանցիներն ինքնակամ թողել, հեռացել մեր հողից»,- չձայնագրվելու պայմանով «Ազատության» հետ զրույցներում սրտնեղում էին Ջերմուկում մնացած բնակիչներից մի քանիսը։ Անցած շաբաթվա մարտերի ընթացքում Ջերմուկի բնակիչների մի մասը քաղաքից դուրս է եկել, մնացածը ապաստարաններում են։ Երևո՞ւմ է արդյոք ադրբեջանական խումբը հենց քաղաքից, ջերմուկցիներն ասացին՝ եթե ինչ-որ մեկը այստեղ լինելով չի տեսնում, կարող են տանել ու ցույց տալ։

Դեռ անցած տարի մայիսին ադրբեջանական զինուժն առնվազն երեք ուղղություններով ներխուժել էր ՀՀ տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա: Այն ժամանակ ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ նրանք պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքներից, որ ադրբեջանական ուժերը հայկական ԶՈւ-ի վերահսկողության տակ են, սակայն մեկ տարի անց որևէ տեղեկատվություն չի հաղորդվել նրանց հետքաշման մասին։

«Ազատության» դիտարկմանը, որ եթե հայկական ուժերն արդեն իսկ շրջափակել են ադրբեջանական 10-12 հոգանոց խմբին Ջերմուկում, արդյոք հնարավո՞ր չէ այլ քայլեր ձեռնարկել, Գլխավոր շտաբի պետը պատասխանել էր, որ այժմ այդ հարցը չի դիտարկվում, միայն կարող են ասել, որ վերահսկողությունն իրենց ձեռքում է: «Ազատությունը» ՊՆ-ից այս հարցերի պատասխանները ևս ակնկալում է։

Ի դեպ, նույն օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստան ներթափանցած 1-2 ադրբեջանական խումբ կա, որոնց որոնում են. «Աշխատանքներ են տարվում, և նրանք դուրս կմղվեն, կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»:

Սիմոնյանի խոսքը անհանգստության պատճառ էր դարձել որոշ բնակավայրերում, մասնավորապես Լոռու մարզում։ Ավելի ուշ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ խորհրդարանի խոսնակը նկատի է ունեցել Գլխավոր շտաբի պետի՝ Ջերմուկում հայտնած տեղեկությունը, այլ ոչ թե այլ դիվերսիոն ներթափանցումների մասին է խոսել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG