Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան


Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՀՀ անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ պայմանավորված սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողություններով:

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ պայմանավորված 2022թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի Հանրապետության անունից նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխությանն ենթարկելու խնդրանքով, ապահովելու համար ոչ միայն 2020թ. հակամարտությամբ պայմանավորված գերեվարված բոլոր անձանց, այլ նաև դրանից հետո որևէ այլ զինված հակամարտությամբ պայմանավորված գերեվարման ենթարկված բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանությունը, ներկայացնելով նաև Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման լուրջ խախտումների մասին», - ասված է տարածած հաղորդագրությունում։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135, ադրբեջանական կողմը՝ 79 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած օրերին:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG