Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, խաղաղապահ առաքելություն դեռ նախատեսված չէ


ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորով, արխիվ
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ինչ վերաբերում է [ՀԱՊԿ] Միացյալ շտաբի պետին, ապա մեր այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կուղևորվեմ Հայաստանի Հանրապետություն, Միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ։ Դրանում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, և մինչև այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում», - ասել է գեներալը։

Ճեպազրույցում Սիդորովը նշել է նաև, որ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն աջակցություն է ստացել կազմակերպության անդամ բոլոր երկրներից։

Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է նա՝ հավելելով. - «Այսինքն ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում, խոսք չի գնում»։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։ «Ուստի մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն այս կերպ, դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման», - հավելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
XS
SM
MD
LG