Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը մեխանիզմներ է գործարկել՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար


ՀԱՊԿ հայտարարում է, թե գործարկել է կազմակերպության մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։

«Հայաստանի կողմից ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին ներկայացված դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ի համատեղ շտաբի հետ աշխատանքներ են իրականացվում՝ կազմակերպության մեխանիզմները գործարկելու համար», - հայտարարել է քարտուղարությունը։

Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, որ հոդվածով են դրանք գործարկվում՝ռազմական աջակցության, թե խորհրդակցությունների՝ չի հաղորդվում։ Կազմակերպությունը միայն նշում է, թե անընդունելի է համարում ուժի գործադրումը։

«Տարաձայնությունները հարթելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարություններում», - ասված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG