Ո՞ր երկրներն են խնդիրներ ստեղծում Հայաստանի համար զենքի ձեռք բերման գործընթացում․ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չխոսեց այս մասին։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ասում է՝ սա նոր խնդիր չէ և խնդրահարույցն այն է, որ այս ընթացքում Հայաստանն այդպես էլ ոչ մի քայլ չկարողացավ ձեռնարկել՝ իրավիճակը փոխելու համար։
«44-օրյա պատերազմից հետո հասկանալի պատճառներով դարձյալ մենք մեծ ծավալի զինտեխնիկայի և սպառազինության կորուստ ենք ունեցել, և այս տեսանկյունից պարզ է, որ խնդիրը Հայաստանի համար առավել քան արդիական է։ Այս երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն իր ինքնիշխան կարողությունների առումով ոչ թե գնացել է դեպի աճ, դեպի զարգացում, այլ հակառակը՝ բավական մեծացել է Հայաստանի քաղաքական կախվածությունը և այս տեսանկյունից նաև, իհարկե, մենք զգում ենք էդ բարդությունները սպառազինության հարցում, սպառազինության շուրջ բանակցությունների հարցում», - ասաց Բադալյանը։
Երեկ խորհրդարանում Փաշինյանին ուղղված իշխանականների 4 հարցերից 2-ը հենց զենքի մատակարարաման խնդրի մասին էր, ինքը՝ Փաշինյանը ևս հաստատեց, որ նման խնդիր կա և դա մի քանի բաղադրիչ ունի։
«Հայաստանի Հանրապետությունը ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք», - ասաց Փաշինյանը։
Բադալյանը չափազանցված է համարում վարչապետի այն պնդումը, որ Հայաստանը զենք գնելու ֆինանսական խնդիրներ չունի։
«Չնայած Փաշինյանը նշում է, որ ֆինանսական խնդիր Հայաստանը չունի, այդուհանդերձ պետք է խոստովանել, որ սահմանափակ են որոշակի առումով մեր ֆինանսական միջոցերն, օրինակ, Ադրբեջանի համեմատ և շատ հասկանալի պատճառներով, բայց բուն խնդիրներն այստեղ նաև լոգիստիկ են, նաև քաղաքական են, և այստեղ մի քանի հանգամանք կարող ենք նշել», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Հայաստանին զենքի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է։ Ըստ քաղաքական մեկնաբանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը ևս Հայաստանի համար այլ շուկաներ մտնելու խնդիրներ է ստեղծում։
«Անմիջականորեն Հայաստանին չառնչվող քաղաքական խնդիրներ էլ կան, օրինակ՝ ռուս-վրացական հարաբերությունը ևս Հայաստանի համար առաջացնում է բարդություն և լոգիստիկ խնդիրներ», - եզրափակեց Բադալյանը։