Իրավիճակը Գեղարքունիքում շարունակում է լարված մնալ. ինչպես դեռ երեկվանից հաղորդում է Պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական զինուժը թիրախավորել է Սոթքի, Արտանիշի ուղղությամբ հայկական դիրքերը: Այսօր դրությունը հատկապես լարված է Վերին Շորժայի հատվածում: Գյուղին մոտենալ արգելված է, մոտ 15 կմ հեռավորությամբ անցակետ է տեղադրված, և անվտանգության նկատառումներով քաղաքացիական անձանց այս տարածքին մոտենալ չի թույլատրվում:
Անգամ Վարդենիս քաղաքի կենտրոնից ժամանակ առ ժամանակ լսելի են կրակոցների, պայթյունների ձայները: Վերին Շորժայի գյուղապետը «Ազատության» հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ ասում էր, որ շարունակվում էր հրետակոծությունը, հետևաբար չէր կարող մոտենալ ու պատասխանել հարցերին:
Փակ է նաև Սոթք տանող ճանապարհը, դեռ երեկ տարհանված տեղացիները հավաքվել էին, դժգոհում էին, որ չեն հասցրել առաջին անհրաժեշտության իրեր վերցնել, մնացել են փողոցում՝ թեև Վարդենիսի քաղաքապետարանը, Գեղարքունիքի մարզպետը դեռ երեկ վստահեցնում էին, որ բնակիչները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:
«Էնդեղ ենք եղել, բայց էն հնարն էր, որ պիտի դուրս գանք, նենց չի, որ թողել ենք, գնացել ենք, ստիպված, բայց սպասում ենք, որ խաղանդվի, էլի գնանք: Մենք ուզում ենք, որ էնդեղ շարժ լինի, դա մեր գյուղն է, ապրելու տեղն է», - ասաց տեղացիներից մեկը:
«Տենց տուն չկա, որ տուժված չլինի, սաղ ճաքած, որինը` քանդված, սնարդայի դղրդոցի տակին տուն կմնա՞», - պատմեցին նրանք:
«Արկը ընկել է դաշտի վրա, շուշեքն են ջարդվել: Անասունները, բան, թողինք, փախանք, ամուսինս նույնիսկ դակումենտները չհասցրեց վերցնել, ոչ շոր, ոչ եղած: Չգիտեմ` թուրքն ինչ է ուզում, խաղաղություն չի լինում: Ասեն` խաղաղ է, վերադարձեք ձեր տները, էն էլ.... Ուրիշ տեղ չունենք ապրելու, սենց մնացինք ստեղ, ասին` կրակոց է, եկել ենք ու հետ ենք դառել, էլ չկարացանք գնանք, բան վերցնենք: Ոչ մի բան էլ չի հատկացրել {պետությունը}, մնացել ենք ավտոյի մեջ: Չենք դիմել, ո՞ւմ դիմենք, ո՞ւր է ղեկավարություն: Եկա՞ն, ասի՞ն` գոնե երկու օր ժամանակ տվեք, ժողովուրդ, ձեզ տուն ապահովենք, կամ վեշ տարեք, ոչ մի ժամանակ էլ չտվին: Միանգամից ռմբակոծեցին, սենց փախանք գիշերով ժամը 1-ին», - պատմեց տեղացիներից մյուսը:
Մարզպետն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, Վարդենիսի քաղաքապետարանում նա ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։
Ի դեպ, այսօրվանից Գեղարքունիքում դադարեցված է ուսումնական գործընթացը, դպրոցներին հավելյալ արձակուրդ է տրվել` հետագայում բաց թողած դասաժամերը լրացնելու պայմանով: