Սահմանային ընթացող բախումների էպիկենտրոններից քիչ հեռու է գտնվում Սոթքը (Գեղարքունիքի մարզ), որից նույնիսկ որոշ հեռավորության վրա պարբերաբար պայթյունի ուժեղ ձայներ են լսվում:
Սոթքը տուժել է գիշերային հրետակոծություններից, համայնքապետարանի շենքն է վնասվել, երեք տուն է այրվել, և գյուղին մոտենալը համարվում է վտանգավոր:
Տարածքում հավաքված Սոթքի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում ասացին` մարտական տրամադրություն ունեն:
«Գիշերվանից` ժամը 12:05-ից սկսվել է, բայց ամեն ինչ մարտական է, նորմալ է: Ինքս Սոթքի բնակիչ եմ, որ մի անհանգստանալու բան չկա: Արդեն տարհանում ենք արել, որ ապահով լինի: Բոլորը համարյա {դուրս են բերվել}, մնում է 4 ընտանիք, որոնց էլ Կարմիր խաչը հեսա հելնում է, դուրս բերի: 300-350 ընտանիք համարյա 99 տոկոս դուրս է եկել», - պատմեց տեղացիներից մեկը:
Նրանք պատմեցին նաև, որ տանն են գտնվել, երբ արկն ընկել է տան վրա. «Տունը տրաքած է: Փուլ է եկել»:
Սոթքի բնակիչները չգիտեն երբ, բայց վստահ են` վերադառնալու են իրենց բնակավայր:
Հարցին` այսօր որտեղ են գիշերելով, տղամարդկանցից մեկն ասաց. «Ի՞նչ իմանամ, էս ծառի տակ երևի»:
Ոմանք արդեն պատրաստվում էին Երևան մեկնել, մայրաքաղաքից հարազատները եկել էին տեղափոխելու:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի տվյալներով` Սոթքում, Վերին Շորժայում, Ախպարաձորի հատվածներում իրադրությունը մնում է լարված. «Ինտենսիվ մարտեր են ընթանում:
«Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40 րոպե եղել է, որ կրակոցներ չեն հնչել, այնուհետև նորից սկսվել են կրակոցները ու մինչև այս պահը շարունակվում են:
Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք», - նշեց նա:
Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»:
Մարզպետը, նաև Վարդենիսի փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը հրաժարվեցին ասել՝ արդյո՞ք ադրբեջանական զինուժին հաջողվել է առաջ գալ։
«Ավելի ճիշտ կլինի Զինված ուժերին ուղղել այդ հարցը», - ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե քանի՞ բնակիչ է Սոթքից անվտանգության նկատառումներով դուրս բերվել, որտե՞ղ են տեղավորվել, փոխքաղաքապետը պատասխանեց. «Իհարկե, կազմակերպել ենք, բոլորին` երեխա, կին, տեղափոխել ենք Վարդենիս քաղաք, որոնց հնարավոր է եղել, նաև Վարդենիս քաղաքից դուրս` Երևան, տարբեր ուղղություններով: Հիմնականում Սոթք գյուղում, տարհանման աշխատանքները մնացած բոլոր գյուղերում նորմալ կազմակերպվել է: Բոլորս մարտականորեն տրամադրված, մեր հող ու ջուրը երբեք չենք լքելու, մինչև վերջ պայքարելու ենք մեր պետության, մեր ինքնիշխանության համար, մեր Վարդենիս աշխարհի համար»: