Մատչելիության հղումներ

Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՄԻՊ


Լուսանկարը` ՄԻՊ աշխատակազմի
Լուսանկարը` ՄԻՊ աշխատակազմի

Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր տեղեկացրեց, որ խաղաղ բնակչության շրջանում նաև զոհեր կան:

Ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել է իրենց տներից` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզի տարբեր համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ավելի վաղ Պաշտպանի գրասենյակը հայտնել էր, որ արձանագրվել էին նաև շտապօգնության տրանսպորտային միջոցների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքեր, կան ավերածություններ:

Բացի այդ, ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք, փոխանցում է ՄԻ պաշտպանը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհերի մասին: Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG