Մատչելիության հղումներ

Կրեմլը թույլ չի տվել հայկական բանակի արդիականացումը, պնդում է Սեֆիլյանը


«Ազգային ժողովրդական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ հիմա` հետպատերազմական այս իրավիճակում արված հարցումները ճշգրիտ պատկերը չեն տալիս նախատեսվող ընտրությունների արդյունքների մասին: Բացի այդ, Սեֆիլյանը վստահ չէ, որ հունիսին կկայանան խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում բանախոսը հայտարարում է` Կրեմլի մեղավորությունն էր նաև, որ հայկական կողմը պարտվեց արցախյան պատերազմում. «Շատերի համար արդեն պարզ է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ», - ասում է նա:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Պետք է ձևավորել ժամանակավոր կառավարություն

Մարտի սկզբին հրապարակվեց Միջազգային հանրապետական ինտսիտուտի հարցումները, որ եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, բնակչության 33 տոկոսը կընտրի իշխող «Իմ քայլը» խմբակցությանը, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2 տոկոսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին կքվեարկի։ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռեր»-ի ու «Հայրենքի փրկության շարժման» օգտին կքվեարկի ընտրողների շուրջ մեկական տոկոսը։

2018-ին էլ ընտրողների 1.82 տոկոսն էր քվեարկել «Սասնա ծռերի» օգտին: Ասուլիսի ընթացքում հարցին` ի՞նչ հույսեր ունեն, որ այս ընտրություններում իրենք ավելի բարձր արդյունք կապահովեն, Ժիրայր Սեֆիլյանն ասում է. «Կարող եմ ասել, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հարցախույզ անցկացնել այս նպատակով, կարծում եմ` այդքան էլ տրամաբանական չէ, մենք բոլորս գիտենք` ինչ վիճակում է այսօր գտնվում մեր ժողովուրդը. մեծ մասը սգի մեջ է, դեպրեսիվ վիճակ է, ուստի չեմ կարծում, որ այսօր այդ թվերը մեզ պետք է ինչ-որ չափով ուղեցույց լինեն: Ժամանակը ճիշտ ընտրված չէ այդ նպատակով հարցախույզ անցկացնելու»:

Ըստ հարցման` 42 տոկոսն էլ չի պատրաստվում ընտրությունների գնալ:

«Մեր գլխավոր կարգախոսներից է` ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա, մենք կարծում ենք, որ այդ 40 տոկոսից ավելին, ինչ-որ աղբյուրներ ասում են` նույնիսկ 50 տոկոսից ավելին, նրանք որոշում ունեն, որ իրենց ձայնը չեն տալու ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, հենց այս տրամաբանությունից ելնելով` վստահաբար երբ բևեռը գնալով դառնա ավելի հայտնի, վստահ եմ, որ ժողովրդի զգալի մասը դեպի մեր ուժը կհակվի»:

Սեֆիլյանը չի վստահում Փաշինյանի խոսքին, թե հունիսին ընտրություններ են կայանալու, իսկ այս օրերին փողոցում իրենց կողմից տարվող իրազեկման ակցիաների նպատակը նախընտրական քարոզչությունը չէ, ասում է. «Հստակ մենք ժողովրդին հրավիրում ենք փողոց` մոբիլիզացնելով պարտադրել մեր այսօրվա օրակարգը, որն է` ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պիտի ունենա իր հակաճգնաժամային ծրագիրը, որի գաղափարի ու ծրագրի շուրջ է ձևավորվել բևեռը մեկ տարի առաջ»:

Իշխանության գալու դեպքում կվերաբացեն Մարտի 1-ի գործը

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` վերաբացելո՞ւ է Մարտի 1-ի գործը, եթե «Ազգային ժողովրդական բևեռը» գա իշխանության:

«Մենք շատ ենք կարևորում՝ մինչ պետության ստեղծումը տեղի ունենա անցումային արդարադատության տրամաբանության ընթացք, կարևոր հարցերից մեկը պետք է լինի, որ այն շրջանակները, այն անհատները, որոնք այս 30 տարիների ընթացքում հանցանք են գործել մեր պետականության, մեր ժողովրդի նկատմամբ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ուստի, վստահաբար կարող ենք ասել` այո, Մարտի 1-ի գործը պիտի վերանայվի, պետք է նախ և առաջ մեր երկրից ներս անցած 30 տարիների իրավաքաղաքական գնահատականը տրվի, և դրա հիման վրա որդեգրվի անցումային արդարադատությունը», - նշում է նա:

Կրեմլը թույլ չի տվել հայկական բանակի արդիականացումը. Սեֆիլյան

Խորհրդի անդամի պնդմամբ` իրենց ուժին վարկաբեկող մեքենա կա, որը երկար տարիներ կեղքել է հայ ժողովրդին, և «կառավարվում է հայտնի Կրեմլից»: «Մեր պայքարի գլխավոր իմաստը նաև այն է, որ մենք պետք է ձերբազատվենք օտար կառավարումից, և բնական է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում այսօր ազգային իմաստով նոր մթնոլորտ է ձևավորվել, շատերի աչքերը նաև բացվել են ու գնալով ավելի կբացվեն` իմանալով, որ մեր ռեգիոնում մեր հանդեպ թշնամական վերաբերմունք միայն թուրքերը չեն, որ ունեցել են, այդպիսի քաղաքականություն Կրեմլը ևս, դժբախաբար, որդեգրել է»:

Ըստ նրա` մինչև պատերազմը դա դժվար էր հայ ժողովրդին բացատրելը, հիմա դա շատ ավելի տեսանելի է: Ավելին` Սեֆիլյանը կարծում է, որ Կրեմլը թույլ չի տվել հայկական բանակի արդիականացումը, և հենց դա է նաև եղել պատճառը արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության:

Հայաստանը պիտի՞ սերտ կապերի պահպանի Ռուսաստանի հետ

Այսպիսի հարց էր հնչել` արդյոք հիմա, երբ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահները, Հայաստանը չպիտի՞ սերտ կապ պահի Ռուսաստանի հետ: Ժիրայր Սեֆիլյանն այլ կարծիքի է. «Իրականությունն այլ է, պատերազմն ինքը ապացուցեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնաբար վարեցին այս պատերազմը մեր դեմ, և պատերազմի ընթացքում հայկական բանակի ձեռքերը կապված էին, և այդ պատճառով հայկական կողմի հնարավորությունների ամբողջական արսենալը չօգտագործվեց, և մենք պարտվեցինք: Ինչո՞ւ չորրորդ օրը ռուսական կողմը օդը չփակեց, այլ 40-րդ օրը փակեց, շատ պարզ է չէ՞: Այստեղ այլ ապացույցներ բերելու կարիք չկա: Այդ հարվածները շարունակվում են մինչ այսօր, գերիների մինչ այսօր չլուծված լինելու հանգամանքի գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, կամ գերիների 64 հոգի Շիրակի մարզից զինադադարից մեկ ամիս հետո Խծաբերդի հայտնի գերեվարման օրն է, ի՞նչ է նշանակում զինադադարի օրոք, ռուսների ներկայությամբ գերեվարվել, հանգիստ ռուսները կարող էին խոչընդոտել, ավելին` ես վստահ եմ, որ բոլոր մանրամասները մեր ժողովրդի համար շուտով պարզ են լինելու: Ասածս այն է, որ ռուսական կողմը միայն ի վնաս մեզ գործունեությամբ է զբաղված առնվազն 200 տարուց ավելի»:

Ո՞վ պետք է լինի ՀՀ-ի դաշնակիցը

Թուրքիայի հետ դաշնակցել չենք կարող, քանի որ թշնամական պետություն է, շեշտում է նա: «Այսօր բազմաթիվ դաշնակիցներ ձեռք բերելու հնարավորություն ունենք: Անշուշտ, բացառում ենք Թուրքիան, Միացյալ Նահանգների հետ դաշնակցությունը մենք շատ ենք կարևորում, այսօր մենք հասկանում ենք, որ զենքի ուժով մեր ֆիզիկական անվտանգությունը չենք կարող ապահովել, ինչո՞ւ չէ նաև մեր հարևաններ Իրանի և Վրաստանի հետ սերտ համագործակցություն պիտի լինի, Թուրքիայի դեմ այսօր ձևավորված ալյանսը, որ գոյություն ունի, Հնդկաստանի հետ շատ լուրջ կարող ենք դաշնակցել»:

«Փորձում ենք հասնել մեր նպատակներին հնարավորինս անցնցում»

Հարցին, թե ինչո՞ւ ՊՊԾ գունդը գրաված տղաները հանձնվեցին, Ժիրայր Սեֆիլյանն արձագանքում է. «Տղաները փորձեցին դիմանալ` հույս ունենալով, որ ժողովուրդը ոտքի կկանգնի, և տեղի կունենա մեր պատկերացրած հեղափոխությունը, անշուշտ բազմահազար ժողովուրդ կար, բայց ինքնակազմակերպումը պետք եղած ձևով տեղի չունեցավ, և գործող ռեժիմին հաջողվեց բիրտ ձևով խեղդել, և արդեն պատրաստվում էին գրոհելու ՊՊԾ-ի տղաների վրա:

Տղաները, պարզ է, նկատել էին, որ եթե այդ հարձակումը լինի իրենց վրա, իրենց դեմ հիմնականում բերել էին 18-20 տարեկան ծառայողներ, եթե այդ բախումը լիներ, մինչև վերջ դիմադրեին, ֆիզիկապես իրենք վերանային բոլորը, իրենց հետ էլ մի քանի հարյուր երիտասարդ վերացնեի՞ն:

Տղաները ՊՊԾ գունդ չէին մտել մարդ սպանելու նպատակով, մեր բախտը բերել է, որ հնարավորինս քիչ կորուստներով դուրս եկանք: Սա ազատագրական պայքար է, մենք պետություն ստեղծելու պայքարի մեջ ենք, մենք փորձում ենք հասնել մեր նպատակին հնարավորինս անցնցում եղանակով»:

XS
SM
MD
LG